Նորություններ
RSS
13.05.2021
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՄայիսի 12-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանի նախաձեռնությամբ Էրեբունի նստավայր են այցելել ԵՊՀ իրավաբանական և ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:
Ապագա իրավագետներին ու լրագրողներին նախ հնարավորություն է ընձեռվել ներկա գտնվել դատավորի վարույթում քննվող երկու նիստերի, առարկայական պատկերացում կազմել դատական իշխանության և մասնագիտական նրբությունների գործնական կիրառության վերաբերյալ, որից հետո դատավորը նրանց համար զրույց–դաս է վարել՝ ներկայացնելով դատարանում քաղաքացիական գործերի քննության կարգը, հայցադիմումների, դիմումների՝ դատարան մուտքագրման գործընթացի իրավակիրառ պրակտիկան, դատավարության փուլերում քաղաքացիական տարբեր հիմնահարցեր, դատավարության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, դատարանում ելույթների ներկայացման էթիկայի կանոնները:
Դատավորն իր խոսքում անդրադարձել է նաև գործերի մակագրման էլեկտրոնային եղանակին, ներկայացրել այն կարգավորող իրավական ակտերը, Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումները:
Ուսանողները հետաքրքրվել են օրենսդրական կոնկրետ նորմերի պրակտիկ կիրառման ընթացակարգերով և դատական իշխանության բարեփոխումներով:
Դատավորը ԵՊՀ ուսանողներին տվել է գործնական խորհուրդներ, դատական իշխանության առկա խնդիրների լուծման հարցում՝ կարևորել էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման ուղղությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ձեռնարկված գործուն քայլերը և առանձին գործերի այընտրանքային եղանակով քննության անհրաժեշտությունը, ընդգծելով, որ դրանք էապես թեթևացնելու են դատարանների ծանրաբեռնվածությունը:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
11.05.2021
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆՄայիսի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր, հանդիպումներ ունեցել քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ:
Խորհրդի անդամները դատավորների հետ քննարկել են համակարգում առկա խնդիրները, մասնավորապես՝ արդարադատությունը մատչելի ու արդյունավետ դարձնելու, ինչպես նաև ծանրաբեռնվածության նվազեցմանն առնչվող հարցեր:
Բարձրագույն դատական խորհուրդը լսել է դատավորների մտահոգություններն ու տեսակետները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել աշխատավարձերի բարձրացման, սոցիալական երաշխիքների ապահովման, աշխատակազմերում հաստիքների ավելացման հնարավորությունները:
Դատավորների հետ կայացած հանդիպումներից հետո Խորհրդի անդամները շրջել են նստավայրերում, ծանոթացել դատավորների, գրասենյակների աշխատանքային պայմաններին:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
11.05.2021
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հավատարիմ մնալով դատական իշխանության նկատմամբ որդեգրած՝ ապատեղեկատվությունը լուրի տեղ մատուցելու անհեռանկար գործելաոճին, էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը, օրեր առաջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստին, հրապարակել իրականության հետ աղերս չունեցող, ուղղորդված լրատվություն՝ պիտակավորելով ժողովի ընթացքը, դատավորներին, իրավունք վերապահել մասնակիցների իբրև մեծամասնության անունից գնահատականներ հնչեցնել:
Կարևորելով հանրության առջև հաշվետվողականությունը, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգի և ընթացքի վերաբերյալ հասարակությանը օբյեկտիվ ու ճշմարտացի տեղեկատվություն տրամադրելու, ապատեղեկատվությունից զերծ պահելու նպատակով, հարկ ենք համարում իրազեկել, որ սույն թվականի մայիսի 7-ին հրավիրված ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցել է 163 դատավոր (քվորումն ապահովելու համար պահանջվում էր 115 դատավորի ներկայություն):
Ժողովի մասնակցի կողմից առաջարկվել է օրակարգում ընդգրկել լրացուցիչ հարց, որը քվեարկությամբ մերժվել է:
Ընդհանուր ժողովի օրակարգը եղել է հագեցած, քննարկվել են դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանը միտված մի շարք կարևոր հարցեր, ընդունվել առանցքային որոշումներ:
Նիստն անցել է կառուցողական, աշխատանքային բազմակարծության մթնոլորտում:
Ընդհանուր Ժողովի ընթացքում ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի կողմից հրապարակվել է խորհրդի ուղերձը՝ հասցեագրված հանրապետության դատավորներին՝ կարևորելով կառուցողական և փոխգործակցված աշխատանքը։
Դատական դեպարտամենտ
29.04.2021
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆԱյսօր՝ ապրիլի 29-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավարին և համակարգողին:
Այնուհետև Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգողի հետ:
Եվրոպացի գործընկերների հետ Բարձրագույն դատական խորհուրդը քննարկել է համագործակցության շրջանակներում 2021թ. նախատեսվող գործողությունների ծրագրերն ու առաջնահերթ քայլերը:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
29.04.2021
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ խորհրդի մյուս անդամների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգում առկա խնդիրներին, հանրային վստահության պակասին դատարանների նկատմամբ, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր համատեղ օրենսդրական նախաձեռնություններին եւ դատավորներին սոցիալական երաշխիքների տրամադրմանը: