Նորություններ
RSS
06.04.2021
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՏԵՂԵԿԱՑՈՒՄ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Բարձրագույն դատական խորհրդում ստացվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, որով վերջինս խնդրել է քննարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քրեական մասնագիտացման դատավոր գործուղելու հարցը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ որևէ դատարանի բնականոն գործունեությունը չի կարող ապահովվել դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նույն ատյանի համապատասխան մասնագիտացման մեկ այլ դատավոր իր համաձայնությամբ կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մինչև դատավորի վարույթում գտնվող գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:
Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 154-րդ կետի համաձայն՝ մինչև հարցի քննարկումը Խորհրդին ներկայացնելը Դեպարտամենտի կենտրոնական մարմինը աշխատակազմերի, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով տեղեկացնում է դատավորներին գործուղման հնարավորության մասին։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների (բացառությամբ՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի) քրեական մասնագիտացման դատավորներին տեղեկացվում է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ Ստեփանավան քաղաք) գործուղվելու հնարավորության մասին:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղվելու ցանկություն ունեցող դատավորները կարող են մինչև 2021 թվականի ապրիլի 13-ը, ժամը` 18:00-ն, գործուղվելու առնչությամբ իրենց գրավոր համաձայնությունը ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (էլ. փոստ՝ info@court.am):
28.01.2021
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲՍիրելի՛ հայրենակիցներ,
Օրացույցում այսօր տոնական օր է: Մեր տրամադրություններն ու զգացողությունները, սակայն, տոնական չեն: 44-օրյա պատերազմի պատճառած անամոք ցավը դեռ երկար մաշելու է մեր սրտերն ու հոգիները: Պատերազմում կորսված կյանքերը, այսօր գերության մեջ գտնվող մեր զավակները, անհետ կորածները, հաշմանդամություն ձեռք բերած տղաները, մարդկային աղճատված ճակատագրերը դաժան իրողությունների առաջ են կանգնեցրել մեր ժողովրդին, ու արնահոսում են մեր Բանակի վերքերը:
Այսօր, և այսուհետ, յուրաքանչյուրս պարտավոր է անմնացորդ լինել բանակի, զինվորի կողքին, սատարել, քաջալերանքի խոսք ասել և իր բաժին գործով աջակցել, որ ժամ առաջ Հայկական Բանակն ուղղի մեջքը, հզորանա և շարունակի հանդիսանալ Հայաստանի և Արցախի խաղաղ և բարեկեցիկ ապագայի կայուն ու աներկբա երաշխավորը:
Խոնարհումս բոլոր քաջերին, ովքեր սեփական կյանքը դրեցին զոհասեղանին՝ հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն հայ ժողովրդի:
Շնորհակալությունս բանակային համազգեստ կրող մեր տղաներին, որ այսօր էլ, այս պահին էլ պատվախնդրորեն իրականացնում են Հայրենիքի պաշտպանությունն ու երաշխավորում մեր ժողովրդի անվտանգությունը:
Հայը դատապարված է կերտել և ունենալ հզոր ու դիմակայուն բանակ:
Աստված պահապան հայ զինվորականին և մեր ժողովրդին:
28.12.2020
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄԱյսօր՝ դեկտեմբերի 28-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորի զինվորական դատարանի նախագահ Ռոբերտ Կատայանին և Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային գործարար կենտրոնի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանին:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար և իրենց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ՊՆ 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հանձնեցին շնորհակալագիր, որով երախտագիտություն էին հայտնում Ռուբեն Վարդազարյանին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում զինծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինծառայողների, այլ ռազմական ուժերի և կազմավորումներին առնչվող արդարադատության իրականացման ընթացքում ծագած իրավական հարցերի լուծման հարցում արդյունավետ փոխգործակցության համար:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն հայտնեց անսպասելի, բայցև պատվաբեր գնահատանքի արժանանալու համար և պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս ռուս գործընկերների հետ շարունակել աշխատել գործընկերային արդյունավետ և ջերմ մթնոլորտում:
Երկուստեք կարևորվեց հետագա համագործակցության խորացումը, նախանշվեցին երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
28.12.2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին, կայացել է Բարձրագույն դատական խորհրդի նիստը: Նիստի օրակարգում ներառված է եղել և քննարկվել է Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման և հաստատման նպատակով թեկնածուների անձնական գործերի ուսումնասիրության և քվեարկության հարցը:
Բարձրագույն դատական խորհուրդը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 133-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով անցկացրել է բաց քվեարկություն, սակայն, քվեարկության արդյունքներով դիմումներ ներկայացրած թեկնածուներից առնվազն երեքը չեն ստացել Օրենքով սահմանված անհրաժեշտ ձայների քանակը:
Ելնելով վերոգրյալից՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ 28.12.2020 թվականին Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմում և հաստատում չի կատարվել:
Հետևաբար, Բարձրագույն դատական խորհուրդն առաջիկայում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում կհրապարակի Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման վերաբերյալ նոր հայտարարություն: