background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

28.05.2021

Հայտարարություն

Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ գլխով սահմանված՝ ընտրական վեճերով ՀՀ վարչական դատարան դիմելու և հայցադիմումները քննելու ժամկետները և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 11-ի թիվ 27-Ա որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը՝ ՀՀ վարչական դատարանում սահմանված է հերթապահություն:

Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Հեռ. 093 99 82 86

Դատական դեպարտամենտ

image

27.05.2021

Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի դատարան

Մայիսի 26-ին Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, եղել մարզի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում, ծանոթացել շենքային և աշխատանքային պայմաններին, որից հետո խորհրդակցություն անցկացրել մարզային բոլոր դատավորների մասնակցությամբ:

Խորհրդի անդամները լսել են դատավորների մտահոգություններն ու առաջարկները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել աշխատավարձերի բարձրացման, աշխատակազմերում հաստիքների ավելացման, դատարանի նստավայրերի շենքային պայմանների բարելավման հնարավորությունները:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

27.05.2021

Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային հանդիպում է ունեցել դատավորների հետ

Մայիսի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է Առաջին ատյանի վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահին:

Տեղի ունեցած քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել «Էքս օֆիսիո» սկզբունքի կիրառելիության արգելքի հնարավորությանը վարչական վերաքննիչ վարույթում, գրավոր վարույթի հնարավորությանը վերաքննիչ վարչական դատավարության ընթացակարգում, ինչպես նաև համակարգում առկա առաջնահերթ լուծումներ պահանջող մի շարք խնդիրների, մասնավորապես՝ դատարանների բեռնաթափմանն ու աշխատակազմերի համալրմանը վերաբերող հարցերի:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

20.05.2021

Մեկնարկել են Բարձրագույն դատական խորհրդի մարզային այցելությունները

Մայիսի 19-ին Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է կատարել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` Արտաշատ, Մասիս, Վեդի, Եղեգնաձոր և Վայք քաղաքներում տեղակայված նստավայրեր: Խորհրդի անդամները մարզային դատարանի դատավորների հետ քննարկել են առկա խնդիրները, խոսել դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումների, դատավորների սոցիալական երաշխիքների ապահովման, աշխատավարձերի բարձրացման, ծանրաբեռնվածության նվազեցմանը միտված գործընթացների մասին, լսել դատավորների տեսակետներն ու առաջարկությունները:

Բարձրագույն դատական խորհրդի անդամները դատարանի նստավայրերում ծանոթացել են նաև շենքային պայմաններին, ստուգել աշխատակազմի, գրասենյակի, դատական կարգադրիչների ծառայության աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

13.05.2021

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԻՄՈՒՄԸ

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2021 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի` 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կատարման շրջանակներում, կարևորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցության ամրապնդման նպատակով երկխոսությունը, խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ դիմում էր ներկայացրել։

Հղում կատարելով մի կողմից՝ խոշտանգման արգելքի՝ որպես միջազգային իրավունքի jus cogens նորմի վերաբերյալ միջազգային փաստաթղթերին, Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին, մյուս կողմից՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին և այդ համատեքստում՝ վաղեմության ժամկետների չկիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի, Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի արտահայտած դիրքորոշումներին, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բարձրացրել էր Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին՝ խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման համապատասխանության հարցը։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատի կոլեգիան 2021 թվականի մայիսի 11-ի որոշմամբ քննության է ընդունել խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումը։

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մամլո հաղորդագրությունը տե՛ս հետևյալ հղմամբ՝ http://hudoc.echr.coe.int/eng-press?i=003-7020362-9470289