background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

25.06.2021

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում լուր է հրապարակվել, իբրև թե Վճռաբեկ դատարանի նախագահն իր մոտ է կանչել համակարգի ներկայացուցիչներին և զգուշացրել, որ սոցիալական ցանցերում ակտիվություն չդրսևորեն, սպառնացել և այլն:

Պաշտոնապես հայտնում ենք, որ նման որևէ հավաք, հանդիպում, քննարկում, զգուշացում կամ ցուցում դատական համակարգում չի եղել: Լուրն իրականությանը չի համապատասխանում:

Թե՛ դատավորների, թե՛ դատական դեպարտամենտի աշխատակիցների ապաքաղաքականացվածությունը սահմանող նորմերը հստակ նախատեսված են ՀՀ դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 4-րդ և ՀՀ հանրային ծառայության մասին օրենքի 3-րդ հոդվածներում:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

18.06.2021

Հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:

Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

04.06.2021

ՀԵՐՔՈՒՄ

Երեկ «Արմլուր» էլեկտրոնային լրատվամիջոցով և այսօր «Ժողովուրդ» օրաթերթում՝ «Գլխավոր դատախազն ու Գագիկ Ջհանգիրյանը բախվել են. Ռուբեն Վարդազարյանի հարցն է», «Ուշագրավ զարգացումներ ԲԴԽ-ում» վերնագրերով ապատեղեկատվություն է հրապարակվել:  

Գլխավոր դատախազի խորհրդականն արդեն իսկ արձագանքել և հերքել է լրատվամիջոցի հերթական հորինվածքը:

Կեղծ լուրերը, իրականության հետ աղերս չունեցող սադրիչ տեղեկությունները հերքելը թեև անշնորհակալ գործ է, այնուամենայնիվ, հանրությանը տեղեկատվական մանիպուլյացիաներից զերծ պահելու նպատակով ստիպված ենք մեկ անգամ ևս բարձրաձայնել, որ Բարձրագույն դատական խորհուրդը գործում է բացառապես ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում: Բարձրագույն դատական խորհուրդը նաև չի կարող միջամտել որևէ դատական գործընթացի, կամ դատախազական որևէ գործառույթի:  

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

02.06.2021

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի, ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ Արդարադատության ակադեմիայի նախաձեռնությամբ հունիսի 1-ին ակադեմիայի շենքում տեղի է ունեցել աշխատաժողով, որին մասնակցել են Բարձրագույն դատական խորհուրդի անդամները, Վճռաբեկ և այլ ատյանների դատարանների դատավորներ, Դատախազության և ակադեմիայի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովը բացել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ գոհունակություն հայտնելով գործընկեր կառույցների ղեկավարներին հետաքրքրիր և կարևոր նախաձեռնության համար:

Այնուհետև գործընկերներին ողջունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ ընդգծելով նման ձևաչափով մասնագիտական քննարկումների առանձնակի կարևորությունն ու արդյունավետությունը:

Աշխատանքային հանդիպման մեկնարկը ողջունելով և, իր խոսքում, ընդգծելով քննարկման խնդրի տեսական և պրակտիկ նշանակությունը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը կարևորել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և դատախազական հսկողության սահմանազատման կարևորությունը, որից հետո հանդիպման մասնակիցներն անցել են օրակարգում ընդգրկված երեք հիմնական հարցերի վերաբերյալ զեկույցներին և քննարկումներին:

Մասնավորապես, «Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները» թեմայով զեկույց է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը:

«Դատական վերահսկողության և դատախազական հսկողության ինստիտուտների տարանջատումը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները քննելիս» թեմայի վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը և Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

«Դատավորների բարեվարքության հարցերը իրենց համար վարկառու բանկային կազմակերպությունների գործերը քննելիս» հարցի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական բաժնի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Բարսեղյանը:

Աշխատաժողովն անցել է ակտիվ քննարկումների և կառուցողական մթնոլորտում:  

Արդարադատության ակադեմիայի ռեկտորն առաջարկել է քննարկումների արդյունքները հրատարակել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսում:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն