Նորություններ
RSS
22.04.2021
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆԱյսօր՝ ապրիլի 22-ին, Բարձրագույն դատական խորհուրդը, Խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, ընդունել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, նախարարի տեղակալին և գլխավոր քարտուղարին:
Հանդիպման նպատակն էր քննարկել արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը, երկրում հակակոռուպցիոն ռազմավարության գործընթացի ներկա վիճակին, դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական ուղենիշերին առնչվող հարցերը:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ կապված դատաիրավական բարեփոխումների, արդարադատության արդյունավետության, էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդրման, արխիվների թվայնացման, դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի ընթացակարգերի, դատավորների գնահատման մեխանիզմների կատարելագործման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, դատարանների գերծանրաբեռնվածության, նյութատեխնիկական և շենքային պայմանների բարելավման, դատավորների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու խնդիրներին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում շարունակել նմանատիպ քննարկումները՝ օպերատիվ և արդյունավետ ձևով նախանշված խնդիրներին օրենսդրական և գործնական լուծումներ տալու նպատակով:
21.04.2021
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆԵրեկ՝ ապրիլի 20-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հյուրընկալել է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Պաշտպանության նախարարը քննարկել են դատարաններում զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև սահմանամերձ մարզային համայնքներում առկա Պն հաշվեկշռում գտնվող շենքերի չօգտագործվող տարածքները դատարաններին հատկացնելու հնարավորության հարցերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով քննարկումները շարունակել:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
20.04.2021
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆԱյսօր` ապրիլի 20-ին, «Հայաստանի վետերան դատավորների միության» ներկայացուցիչներին հյուրընկալել են Բարձրագույն դատական խորհրդում: Պաշտոնաթող դատավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ:
Քննարկվել են պաշտոնաթող դատավորների սոցիալական երաշխիքներին վերաբերող առկա խնդիրները, մասնավորապես՝ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների և Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրավական աջակցության հնարավորությունները:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
15.04.2021
ՀաղորդագրությունՄամուլի հաղորդագրություն
2021 թվականի ապրիլի 15-ին, դռնփակ նիստում, Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով, 165-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով, որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կիրականացնի Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
07.04.2021
Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության այցը ՄոսկվաԲարձրագույն դատական խորհրդի պատվիրակության այցը Մոսկվա
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահի հրավերով մարտի 28-ից ապրիլի 3-ը Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը պաշտոնական այցով Մոսկվայում էր:
Պատվիրակությունը գլխավորում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Պատվիրակության կազմում էին Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Մեսրոպ Մակյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական Դավիթ Ղուլյանը:
Մարտի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը:
Երկու երկրների դատական իշխանությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի դատական համակարգերի արդյունավետ փոխգործակցության և զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Կողմերի ներկայացուցիչները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս: Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում:
Ի նշանավորումն երկու երկրների դատական իշխանությունների միջև ջերմ գործընկերական փոխհարաբերությունների հաստատման՝ Ռուբեն Վարդազարյանը ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևին է փոխանցել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդանիշը և գրառում կատարել ՌԴ Գերագույն դատարանի Պատվո հուշամատյանում:
Երկու երկրների դատական իշխանությունների փոխգործակցության ամրապնդման նպատակով հայկական պատվիրակությունը ՌԴ մայրաքաղաք կատարած այցի շրջանակում աշխատանքային ու գործընկերական հանդիպումներ է ունեցել ՌԴ դատական իշխանության և հանրային շերտի ներկայացուցիչների հետ ևս:
Մասնավորապես, այցի հաջորդ օրը, Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Մոսկվայի Արբիտրաժային դատարանի նախագահ Նիկոլայ Նովիկովը:
Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչները ծանոթացել են Մոսկվայի Արբիտրաժային դատարանի կառուցվածքին, ինչպես նաև գործունեության առանձնահատկություններին:
Այցի շրջանակում կայացել է հանդիպում և մասնագիտական քննարկում Մոսկվայի Արբիտրաժային դատարանի ներկայացուցիչների հետ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և Մոսկվայի Արբիտրաժային դատարանի նախագահ Նիկոլայ Նովիկովը քննարկել են երկու պետությունների մասնագիտական դատարանների փոխգործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կատարած այցի շրջանակում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ Գերագույն դատարանին կից գործող Դատական դեպարտամենտում:
Հայկական պատվիրակությանն ընդունել է դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Գուսևը: Գերագույն դատարանի Դատական դեպարտամենտի ղեկավար կազմը հայկական պատվիրակությանը հանգամանալից ներկայացրել է իրենց կառույցի առանձնահատկությունները, կառուցվածքը, սպասարկման ճյուղերը, մասնավորապես՝ դատական գործերի էլեկտրոնային մակագրման գործիքակազմը, դատավորների ծանրաբեռնվածության խնդիրների լուծման իրենց ուղիները, դատարանների նյութատեխնիկական ապահովման և սպասարկման հնարավորությունները, կառույցի արդյունավետ գործունեությունն ապահովող օրենսդրական կառուցակարգերը:
Հանդիպումից հետո հայկական պատվիրակության համար կազմակերպվել է ռուսական դատական մշակույթի ուշագրավ ներկայացում՝ ՌԴ Գերագույն դատարանի թանգարանում:
Մոսկովյան այցի ընթացքում ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ իրավաբանների հետ:
Միջոցառումը նախաձեռնել էր Մոսկվայի հայ իրավաբանների ասոցիացիան:
Հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Այնուհետև նախաձեռնությունը ողջունել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Հանդիպան ընթացքում քննարկվել է մասնագիտական բնույթի հարցերի լայն շրջանակ, կողմերը փոխանակվել են ոլորտին վերաբերող տեղեկատվությամբ:
Մոսկվայում աշխատող հայ իրավաբանները մասնավորապես հետաքրքրվել են ՀՀ դատական համակարգի պրակտիկայով, անդրադարձել Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացման խնդիրներին և մտքեր փոխանակել հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ:
Հայկական պատվիրակության ղեկավարն ու անդամները սպառիչ պատասխաններ են տվել մոսկվայաբնակ իրավաբաններին հետաքրքրող բոլոր հարցերին:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում գտնվող Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել են նաև Մոսկվայի քաղաքային դատարանում:
Այցը կրել է ճանաչողական բնույթ: Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը հայ գործընկերներին ներկայացրել է դատարանի կառուցվածքը, դատավորների ծանրաբեռնվածության ցուցանիշները: Հայ և ռուս գործընկերները մտքեր են փոխանակել երկու երկրների մայրաքաղաքային դատարանների գործունեության առանձնահատկությունների և ընդհանրությունների, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման փորձի, մասնավորապես՝ պանդեմիայի պայմաններում էլեկտրոնային արդարադատության կիրառման ծավալների և արդյունավետության վերաբերյալ:
Հայկական պատվիրակության ղեկավարն ընդգծել է բարեկամ երկրների դատական համակարգերի միջև նորովի ձևավորվող փոխգործակցության կարևորությունը և վստահություն հայտնել, որ լավագույն և առաջադեմ փորձի փոխանակումը միանշանակ իր դրական ազդեցությունը կունենա դատական ինստիտուտների բարեփոխման և կատարելագործման ճանապարհին:
Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության ներկայացուցիչները հաջորդ օրն արդեն աշխատանքային հանդիպում են ունեցել Մոսկվայի քաղաքային դատարանի գործընկերների հետ:
Կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության արդի խնդիրները:
Ռուս մասնագետները հայ գործընկերներին ներկայացրել են Մոսկվայի քաղաքային դատարանի ֆունկցիոնալ կառավարման խնդիրները, կիսվել իրենց փորձով: Հատկապես կարևորվել է այնպիսի նպատակային ծրագրերի իրականացումը, որոնք վերաբերում են.
- էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրմանը,
- դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացված համակարգին,
- արդարադատության համակարգային մշտադիտարկմանը,
- արդարադատության ծախսատարության կրճատմանը:
Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են Էլեկտրոնային արդարադատության համակարգի նորացված ծրագրային ուղղություններով ՀՀ դատական համակարգում, մասնավորապես՝ Երևան քաղաքի դատարանում կատարված աշխատանքը: Ռուս գործընկերների հետ քննարկվել են էլեկտրոնային հայցադիմումների, ծանուցման համակարգի, էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման և դատավարական այլ գործընթացների ավտոմատացման հայեցակարգի գործիքակազմերն ու դրանց ներդրման առանձնահատկությունները:
ՌԴ մայրաքաղաք Մոսկվա կատարած այցի ավարտին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի ուղեկցությամբ այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի տաճարային համալիր:
Պատվիրակությանը ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ողջույնի և օրհնանքի խոսքեր հղել հյուրերին:
Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներն այցելել են Տիրոջ Պայծառակերպության տաճար, աղոթել հայրենիքի խաղաղության և բարգավաճման համար և մոմ վառել: