Նորություններ
RSS
08.12.2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով Վճռաբեկ դատարանում դատավորի թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի դիմումներն ընդունելու ժամկետը, վայրը, համալրման ենթակա տեղերի քանակը:
2020 թվականի դեկտեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնավարման ժամկետը լրանալու հիմքով Վճռաբեկ դատարանում առաջանալու է դատավորի 1 (մեկ) թափուր տեղ` քաղաքացիական և վարչական մասնագիտացմամբ:
Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձինք:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշված անձինք Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնում են միայն դիմում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նշված անձինք դիմումին կից ներկայացնում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով և նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված փաստաթղթերը:
Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, մինչև սույն թվականի դեկտեմբերի 23-ը ներառյալ վերը նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ծանոթություն.
Դիմումները ներկայացնել Դատական դեպարտամենտ՝ ք.Երևան, Կորյունի 17:
Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել
/010/ 511-816 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել info@court.am էլեկտրոնային փոստի հասցեով:
15.11.2020
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՉԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆՀարգելի գործընկերներ,
Հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախն այսօր պատմական բախտորոշ իրողությունների առջև են կանգնած: Թուրք-ադրբեջանական տեռորիստական պատերազմի հետևանքով ձևավորված նոր իրողությունը գոյաբանական լուրջ մարտահրավերներ է նետել, որպիսիք հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է բացառիկ խոհեմություն և պետականության ընդգծված զգացողություն:
Օրհասական և պատմական պահն է հասունացել՝ գործնականում ի ցույց դնելու մեր` արդարադատութուն իրականացնողներիս բարձր պրոֆեսիոնալիզմը, նվիրումը մեր հայրենիքին` իրավունքի գերակայության և օրենքի իշխանության պահապանի բարձր դերակատարությունը ապահովելու ճանապարհով:
Հայրենիքին նվիրումը և մեր առաքելությանը հավատարիմ մնալը ապացուցվելու է այս օրերին, և մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունենք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե ոչ: Դատավորի բարձր արժանապատվությունը և պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը: Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ:
Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ դատավորի բարձր պաշտոնը ստանձնելիս յուրաքանչյուրս Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվել ենք դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:
Ես, որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, երդվել եմ նաև իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը: Ուստի կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին.
1) ձեր առաքելությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես սահմանադրությամբ և օրենքներով, արդարադատությունն իրականացնել ձեր իրավասության բարձր գիտակցությամբ և դատական իշխանության հեղինակության մասին մտահոգ լինելով,
2) հավատարիմ մնալ ժողովրդի առջև ձեր տված երդմանը և զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից,
3) որևէ մեկը թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական հասարակության որևէ օղակից չի կարող միջամտել կամ ներգործել ձեր իրավասութունների դաշտ: Ցանկացած նման միջամտություն կհանդիպի անձամբ իմ կոշտ դիմադրությանը, և նման դեպքերը կդառնան քննության առարկա քրեադատավարական կանոններով:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյան
10.11.2020
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸՀարգելի գործընկերներ,
Ծանր, դժվարագույն օրեր է ապրում մեր ազգը, պետությունը: Արցախի դեմ սանձազերծված մարդասպան պատերազմի առաջին իսկ օրվանից դատական իշխանությունը՝ հավատարիմ իր սահմանադրական բարձր առաքելությանն ու կոչմանը, իրեն զերծ պահելով քաղաքական զարգացումներին և ամենատարբեր գործընթացներին ներգրավվելուց, զուսպ կանգնած է եղել մեր զինվորի, մեր ժողովրդի, մեր պետության թիկունքին, գործադրել բոլոր հնարավոր ջանքերը և ապահովել դատական իշխանության բնականոն, անխափան աշխատանքը:
Ցավոք, Արցախի պաշտպանության համար պատերազմում յուրաքանչյուրս ունեցանք մեր բաժին ցավն ու կորուստը, ու թերևս խոսելու, երբեմն զայրույթից պոռթկալու առիթներ էլ գուցե եղան, բայց լռեցինք, չտրվեցինք տարաբնույթ սադրանքների և փորձեցինք արժանապատվորեն մնալ դատավորին հատուկ զսպվածության տիրույթում:
Ու այսօր, հանրագումարի բերելով անցած դժվարին օրերի մեր ապրումներն ու ցավը, գուցե զգացումները զսպելու կարծես էլ տեղ չկա, սակայն, կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին. բացառելով ամեն տեսակ քաղաքական արկածախնդրությունը, մերժելով ավելորդ զգացմունքայնությունը՝ շարունակել մեր ամենօրյա մասնագիտական գործունեությամբ և ամենայն պատասխանատվությամբ ամուր պահել պետության ողնաշարը, մեր ողջ ներուժը ծառայեցնել մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր անկոտրում և անձնուրաց զինվորներին:
Խոնարհումս և ցավակցությունս եմ հայտնում Արցախի համար մղված պատերազմում նահատակված հայորդիների հարազատներին, մարտերում վիրավորված մեր զինվորներին, սպաներին և մասնակիցներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում, թուրքադրբեջանաահաբեկչական պատերազմ տեսած մեր հայրենիքին՝ ուժ և նոր զարթոնք
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյան
30.10.2020
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՀՀ դատական իշխանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Դավիթ Ավետիսյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին՝ նրա վաղաժամ մահվան կապակցությամբ։
Դավիթ Ավետիսյանը, դեռևս 1982 թվականից պաշտոնավարելով որպես դատավոր, մշտապես հավատարիմ է մնացել այդ բարձր կոչմանը՝ հիշարժան ներդրում ունենալով Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կայացման ու զարգացման գործում: Զբաղվելով նաև գիտակրթական գործունեությամբ` Դավիթ Ավետիսյանը կրթել է իրավաբանների մի քանի սերունդ և իր գիտական աշխատանքներով նպաստ բերել հայ իրավագիտական մտքի զարգացմանը:
ՀՀ դատական իշխանություն
26.10.2020
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17-րդ հոդվածը, Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշումը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերն իրականացնել հեռավար/առցանց՝ բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:
2. Հանձնարարել Դատական դեպարտամենտի ղեկավարին՝
1) ապահովել ՀՀ դատարանների վարչական շենքեր մուտք գործելու դատարանների նախագահների, դատավորների, դատարանների աշխատակազմերի ղեկավարների համապատասխան ցուցումների հիման վրա այն աշխատակիցներին, որոնց աշխատանքի արդյունքում պետք է ապահովվի դատարանների բնականոն գործունեությունը՝ նվազագույնի հասցնելով նրանց թվաքանակը.
2) ՀՀ դատարանների (դրանց նստավայրերի) գրասենյակներում սահմանել ամենօրյա հերթապահություն՝ ծանրաբեռնվածության հաշվառմամբ՝ նվազագույնի հասցնելով հերթապահ աշխատակիցների քանակը.
3) Դատական կարգադրիչների ծառայության միջոցով արգելել ՀՀ դատարանների վարչական շենքեր մուտք գործել բոլոր այն անձանց, ովքեր չեն հանդիսանում տվյալ օրը կոնկրետ դատարանում նախապես նշանակված դատական նիստերով դատավարության մասնակիցներ (ներկայացուցիչներ).
4) տեխնիկական հնարավորության դեպքում վերացնել իրավասու աշխատակիցների համար «Դատական համակարգ» ծրագրի հասանելիության տարածքային և ժամային սահմանափակումները:
3. Բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ դատարաններին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին և Դատական դեպարտամենտին հասցեագրված ցանկացած փաստաթուղթ ընդունվելու է առավելապես էլեկտրոնային եղանակով (Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված էլեկտրոնային փոստի հասցեներով):
4. Դատարանների վարույթում գտնվող գործերի նյութերին ծանոթանալու իրավունքի իրականացումն ապահովել բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:
5. ՀՀ դատավորներին առաջարկել ընդունել էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը՝ հետագայում, ըստ անհրաժեշտության, դրանց բնօրինակները պահանջելու պայմանով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Որոշումը՝ հղումով