background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

11.10.2021

ԲԴԽ-ում դատավոր Մուրադ Հովակիմյանի գործով նիստը հետաձգվեց

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Բարձրագույն դատական խորհրդում հետաձգվեց Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Դատավորը միջնորդել էր գործի քննությունը հետաձգել, քանի որ այլ դատական նիստերով ծանրաբեռնվածության պատճառով չէր կարողացել ներկայանալ:

ԲԴԽ որոշմամբ՝ հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 25-ին, ժամը 15.00-ին:

 

image

11.10.2021

Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվեցին

ԲԴԽ-ն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, միաձայն որոշեց բավարարել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Դատավորի լիազորությունները դադարեցվեցին՝  էական կարգապահական խախտում իրականացնելու հիմքով:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

image

08.10.2021

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում տվյալ մասնագիտացման վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը: Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտության մասին:

Օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը սպառվել է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու անհրաժեշտության մասին»:

Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաստատված՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ներկայումս գործող ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում առկա է թվով 2 թեկնածու, վարչական մասնագիտացման բաժնում՝ թվով 1 թեկնածու, իսկ  քաղաքացիական մասնագիտացման բաժինը սպառված է:

Բարձրագույն դատական խորհուրդը հաշվարկելով հաջորդ երկու տարվա ընթացքում վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը, ինչպես նաև հաշվի առնելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանում առկա դատավորի թափուր հաստիքը՝ արձանագրել է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական  մասնագիտացման բաժինը՝ 1 /մեկ/ թեկնածուով և վարչական մասնագիտացման բաժինը՝ 1 /մեկ/ թեկնածուով համալրելու անհրաժեշտության մասին:

Օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել՝

1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.

3) իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն ութ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը:

Հայտարարության հրապարակումից հետո երկշաբաթյա ժամկետում՝ մինչև սույն թվականի հոկտեմբերի 25-ը ներառյալ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

          Նույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:

Նույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում նշված անձը դիմումին կցում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

 

 

Բարձրագույն դատական խորհուրդ

 

 

Ծանոթություն.

Դիմումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ՝ ք.Երևան, Կորյուն 17:

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել

010/ 511-819 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել  bdx@court.am էլեկտրոնային փոստի հասցեով:

 

image

08.10.2021

ՀԵՐՔՈՒՄ

Օրերս «armlur.am» տեղեկատվական կայքում տեղ գտած՝ «Վճռաբեկ դատարանն աշխատում է գլխավոր դատախազության համար. փաստաբանների բացահայտումը» վերտառությամբ հրապարակման շրջանակներում ներկայացվել է փաստաբան Վահան Հովհաննիսյանի հարցազրույցը, որի ընթացքում վերջինս վկայակոչելով մի շարք անկցորդ թվային տվյալներ, կատեգորիկ եզրահանգում է արել այն մասին, թե Վճռաբեկ դատարանը հիմնականում վարույթ է ընդունում գլխավոր դատախազության բողոքները և մերժում փաստաբանների բողոքները վարույթ ընդունելը՝ արդյունքում հնչեցնելով ոչ կոռեկտ, անհիմն ու չփաստարկված գնահատականներ:

Հրապարակմանը կարելի էր չարձագանքել, եթե ակնհայտ չլիներ, որ վիճակագրական տվյալներ ներկայացնողն ու «վերլուծություն» կատարողը ցուցաբերել են սիրողական մոտեցում, որը հիմնված է թվերի ոչ պատշաճ, պարզունակ համադրության վրա և կրում է ընդգծված ապատեղեկատվական բնույթ։

Հրապարակման բովանդակությունից հետևում է, որ «վերլուծության» հեղինակն իր դատողությունները կառուցել է մոտ երկու ամիսների ընթացքում (2021 թվականի հունիսի 21-ից մինչև օգոստոսի 18-ը) վճռաբեկ բողոքների վերաբերյալ կցկտուր տվյալների վկայակոչմամբ, մինչդեռ պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում, փաստարկված դատողություններ և առավել ևս կատեգորիկ եզրահանգում հնարավոր կլիներ անել առնվազն կիսամյակի (վեց ամիսների) ընթացքում ստացված և վարույթ ընդունված բողոքների վերաբերյալ ամբողջական վիճակագրական տվյալները համադրելու և բովանդակային վերլուծության ենթարկելու դեպքում:  Ավելին, հարկ կլիներ արձանագրել, որ վարույթ ընդունելու հանգամանքը որևէ կերպ չի կանխորոշում վճռաբեկ բողոքի «ճակատագիրը»՝ այն բավարարելու կամ մերժելու առումով։ Դրանում համոզվելու համար «վերլուծողին» ընդամենն անհրաժեշտ կլիներ ուսումնասիրել «datalex.am» դատական տեղեկատվական համակարգում հրապարակված Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները։

Բացի վերոգրյալից, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերն ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով,  որոնց համաձայն՝ Վճռաբեկ դատարանն ունի հստակ առաքելություն՝ վերացնել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումներն ու ապահովել օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը: Իր առաքելությունն իրականացնելիս Վճռաբեկ դատարանը  ղեկավարվում է ոչ թե վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու համամասնությունը պահպանելու անհրաժեշտությամբ, այլ առաջնորդվում է բացառապես օրինականության սկզբունքով՝ անկախ վիճակագրական պատկերից։

Կարևորելով հանրային վստահության ամրապնդումը, հորդորում ենք դատական իշխանության գործունեության վերաբերյալ գնահատականներ հնչեցնելիս լինել առավելագույնս զուսպ ու հավասարակշռված, իսկ վերլուծություններ և դատողություններ անելիս մնալ բացառապես մասնագիտական տիրույթում՝ ապահովելով փոխադարձ հարգանքի մթնոլորտը:

ՀՀ Վճռաբեկ դատարան

image

07.10.2021

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում տվյալ մասնագիտացման վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը: Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտության մասին:

             Օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը սպառվել է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու անհրաժեշտության մասին:

Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա է 0 թեկնածու, քրեական մասնագիտացման բաժնում՝ 2 թեկնածու, իսկ վարչական մասնագիտացման բաժնում` 1 թեկնածու:

Հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու են Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 0, Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2, իսկ Վերաքննիչ վարչական դատարանի՝ 2 դատավորի լիազորություններ:

Ներկայումս Վերաքննիչ քաղաքացիական դատարանում առկա է թվով 1 թափուր հաստիք:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ Օրենքի 123-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ համալրման ենթակա թեկնածուների քանակը որոշվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտությամբ, որը տվյալ դեպքում 1 է:

Հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու են Վերաքննիչ քրեական դատարանի 2 (երկու) և Վերաքննիչ վարչական դատարանի 2 (երկու) դատավորի լիազորություն, իսկ ներկայումս վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում առկա է 1 (մեկ) թեկնածու, իսկ քրեական մասնագիտացման բաժնում 2 (երկու) թեկնածու:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ստորև ներկայացվող հաշվարկը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ անհրաժեշտ է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինն արտահերթ համալրել 1 (մեկ) թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժինն արտահերթ համալրել 1 (մեկ) թեկնածուով՝ հիմքում դնելով հետևյալ հաշվարկը.

- քաղաքացիական մասնագիտացման բաժին՝ 1 թեկնածու - ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը՝ 1 + 202. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0 + 2022թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0 + 2023թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0, ներկա պահին առաջխաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը՝ 0,

- վարչական մասնագիտացման բաժին՝ 1 թեկնածու - ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը՝ 0 + 2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0 + 2022թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 2 + 2023թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0, ներկա պահին առաջխաղացման ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը՝ 1:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 123-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

             1. Արձանագրել, որ առկա է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը 1 (մեկ) թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժինը 1 (մեկ) թեկնածուով արտահերթ համալրելու անհրաժեշտություն:

             2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                 Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

               2021թ. հոկտեմբերի 7

                     ք. Երևան