Նորություններ
RSS
25.04.2022
Դատական դեպարտամենտի Դատական կարգադրիչների ծառայությունը հայտարարում է ընդունելությունԴատական դեպարտամենտի Դատական կարգադրիչների ծառայությունը հայտարարում է ընդունելություն Երևան քաղաքի դատարաններում (թեկնածուների ընտրությունը իրականացվում է Երևան քաղաքում բնակվող քաղաքացիներից) դատական կարգադրիչի թափուր պաշտոնների համալրման համար:
«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածով սահմանվում են Դատական կարգադրիչների ծառայությունում ընդգրկվելու համար ներկայացվող հիմնական պահանջները, մասնավորապես
1. Դատական կարգադրիչների ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`
ա) համապատասխանում է սույն օրենքով սահմանված տարիքային սահմանափակումների պահանջներին, և դիմելու պահին նրա 30 տարեկանը չի լրացել: Դիմելու պահին 30 տարեկանը լրացած չլինելու պահանջը չի տարածվում զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայության ծառայողների (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողների) վրա.
բ) անցել է պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.
գ) տիրապետում է հայերենին.
դ) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով և առողջական վիճակով կարող է կատարել դատական կարգադրիչի պարտականությունները:
2. Դատական կարգադրիչների ծառայության կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն հոդվածի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով կամ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:
Ավելի մանրամասն ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151482&fbclid=IwAR3fwhHGmUkAMIkY3KlqtOnjfNxRpIqZPAau0qFmtWrFepkJp8VA4rHo8FQ հղմամբ:
Ձեր կենսագրական տվյալները կարող եք ուղարկել հետևյալ էլ-փոստերին՝ datkarg.kadrer-pet@mail.ru , datkarg.kadrer-3@mail.ru հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-511-738, 010-511-719
23.04.2022
ԲԴԽ անդամները մասնակցում են ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագծի վերաբերյալ քննարկմանըԱյսօր՝ ապրիլի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Սերգեյ Չիչոյանը և Ստեփան Միքայելյանը մասնակցում են Ծաղկաձորում մեկնարկած երկօրյա քննարկմանը, որը կազմակերպվել է ՀՀ Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում:
Քննարկումը նվիրված է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագծին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվելու ««Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի ներդնում», «ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսում», «ՀՀ դատական համակարգի վերանայումը սահմանադրական բարեփոխումների համատեքստում» և այլ թեմաների:
Միջոցառմանը մասնակցում են նաև դատարանների նախագահներ և դատավորներ:
22.04.2022
ԲԴԽ-ի և Շվեդիայի Ազգային դատարանների վարչության միջև կստորագրվի համագործակցության հուշագիրԱյսօր՝ ապրիլի 22-ին, Բարձրագույն դատական խորհրդի շենքում՝ Խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը, Խորհրդի անդամներ՝ Դ. Խաչատուրյանը, Գ. Բեքմեզյանը և Ա. Մխիթարյանը ընդունել են Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչ, ավագ դատավոր Բյորն Լինդենին և Շվեդիայի ազգային դատարանների վարչության իրավական հարցերով խորհրդական Լյուդվիգ Բեկինգին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի օրենսդրության շրջանակներում երկու երկրների բարձրագույն դատական իշխանությունների միջև փոխշահավետ համագործակցության հուշագիր ստորագրելուն առնչվող հարցեր:
Համագործակցության կարևոր նպատակն է լինելու նպաաստել արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:
Ստորագրվելիք հուշագրով նախատեսվում է համատեղ ծրագրի իրականացում, որը կնպաստի Հայաստանում դատավորների և դատավորների թեկնածուների կարողությունների զարգացմանը, դատավորների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության բարելավմանը:
Ողջունելով հյուրերին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը նշեց, որ սա կարևոր նախաձեռնություն է երկու երկրների բարձրագույն դատական իշխանության ներկայացուցիչների կողմից իրականացվող, որը կնպաստի դատարանների աշխատանքի թափանցիկության և դատարանների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռբ բերվել ծրագրի կյանքի կոչմանն ուղղված քննարկումների շարունակականության վերաբերյալ:
21.04.2022
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը մասնակցել է գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանմանը նվիրված քննարկմանըԱյսօր՝ ապրիլի 21-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը, Խորհրդի մի շարք անդամներ, ինչպես նաև ՀՀ Արդարադատության փոխնախարարը, Վճռաբեկ դատարանի նախագահը, դատավորներ մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված քննարկմանը, որը վերաբերում էր 2021 թվականի օգոստոսի 30-ի «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշմանը:
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը նշեց. «Գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խնդիրը Բարձրագույն դատական խորհրդին մտահոգող առաջնահերթ հարցերից է։ Այն էապես պայմանավորված է բնակչության համար դատարանների մատչելիության դժվարություններով, դատարանների ծանրաբեռնվածությամբ՝ զարգացած ժողովրդավարական երկրների համեմատ Հայաստանում դատավորների թիվը եռակի անգամ պակաս է անհրաժեշտ քանակից, և շատ այլ հանգամանքներով։
Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ սահմանեց գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները։ Այն կոչված է ապահովելու ողջամիտ ժամկետում գործերի քննությունը, կողմերի համար կանխատեսելի դարձնել գործերի քննության տևողությունը, ինչպես նաև նպաստել դատարանների հաշվետվողականությանը»:
Խորհրդի նախագահի պաշտոնակատարը հավելեց, որ այս հանգամանքների պատշաճ ապահովումն էականորեն կնպաստի դատական իշխանության հեղինակության բարձրացմանը. «Որոշման կայացման ընթացքում Խորհուրդը փորձել է հնարավորինս հավասակշռել մի կողմից դատավարության մասնակիցների համար գործի արագ քննության կարևորությունը, մյուս կողմից դատարանին գործը մանրամասն քննելու համար բավականաչափ ժամանակ տրամադրելու անհրաժեշտությունը։ Այդ երկու իմպերատիվ պահանջների միջև օպտիմալ հավասարակշռում գտնելու համար՝ ներդրված համակարգը հաշվի է առնում գործերի թե՛ իրավական, թե՛ փաստական բարդության չափանիշները։
ԲԴԽ որոշմամբ սահմանված չափանիշներն արտացոլում են Հայաստանի Հանրապետության դատարաններում առկա այն գործոնները, որոնք անխուսափելիորեն ազդում են դատական գործի քննության տևողության վրա։ Միաժամանակ, մենք փորձել ենք ամրագրել այնպիսի չափանիշներ, որոնք բացառում են որևէ սուբյեկտիվ մոտեցում»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը՝ շեշտելով, որ Վճռաբեկ դատարանը ևս, հատկապես վերջին տարիներին, իր ուշադրության առանցքում է պահում ողջամիտ ժամկետների պահպանման խնդիրը:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանը հանդես եկավ ծավալուն ելույթով, որտեղ ներկայացրեց «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշման ընդունման հիմքերն ու հիմնավորումները:
Քննարկման մասնակիցների թվում էին նաև քաղհասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵԽ միջազգային փորձագետներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
18.04.2022
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ և ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վճռաբեկ դատարանի Վարչական և Հակակոռուպցիոն պալատները համալրելու անհրաժեշտության վերաբերյալ» 31.03.2022 թվականի հայտարարության հիման վրա հավակնորդների կողմից բավարար թվով դիմումներ Բարձրագույն դատական խորհուրդ չեն ստացվել, լրացուցիչ հայտարարության անհրաժեշտություն է առաջացել:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝
1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
3) այն անձը, որը՝
ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ
բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:
Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի մայիսի 3-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ