Նորություններ
RSS
18.05.2022
ՀՀ դատական համակարգի ներկայացուցիչներն այցելել են Վրաստանի ՀանրապետությունԲարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանի և Դավիթ Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-17-ն աշխատանքային այցով գտնվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Պատվիրակության կազմում եղել են ինչպես Առաջին ատյանի, Վերաքննիչ ատյանի դատավորներ, այնպես էլ դատարանների, դատական դեպարտամենտի աշխատակիցներ:
Եռօրյա աշխատաժողովի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների, Վրաստանի քաղաքային դատարանի նախագահի և պալատների նախագահների, ինչպես նաև դատաիրավական ոլորտի մի շարք ներկայացուցիչների, իրավական ոլորտի փորձագետների հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերը միմյանց հետ կիսվել են երկու երկրների ունեցած լավագույն փորձով, անդրադարձել են ոլորտում առկա բացերը շտկելու ուղղությամբ իրականացվող անհրաժեշտ միջոցառումներին:
Պատվիրակության անդամները ծանոթացել են նաև դատարանների շենքային պայմաններին, գործերի գրանցման, մակագրման, արխիվացման տեխնիկական լուծումներին:
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների՝ Վրաստանում դատական համակարգի ձեռքբերումներին և ձախողումներին, դատավորների բարեվարքության սկզբունքների պահպանմանը, կարգապահական վարույթների հարուցմանը, մարզային դատարանների հետ կապին, թվայնացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերին առնչվող հարցերի վերաբերյալ:
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ:
Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցերը շարունակական դարձնելու և ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի և Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի միջև համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:
17.05.2022
Ցավակցական հեռագիրՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պապի՝ Ալեքսան Ալեքսանյանի մահվան կապակցությամբ:
Ալեքսանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:
Ալեքսան Ալեքսանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 17-ին՝ Զովունի «Ադանա» սրահում ։
Հուղարկավորությունը տեղի կունենա նույն սրահից մայիսի 18-ին՝ ժամը 12-ից։
12.05.2022
ԲԴԽ-ն մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունըԱյսօր՝ մայիսի 12-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Խորհուրդը մերժեց Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Այն ստորագրել են Գ. Ջհանգիրյանը, Դ. Խաչատուրյանը, Լ. Մելիքջանյանը, Ս. Միքայելյանը և Վ. Քոչարյանը: Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ հատուկ կարծիք ունեն Գ. Բեքմեզյանը և Ա. Մխիթարյանը:
Դատավորին վերագրվում էր «ՀՀ դատական օրենսգրքի» 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նորմի խախտում, այն է՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը:
05.05.2022
ՀայտարարությունՏեղեկացնում ենք, որ ս․թ․ մայիսի 5-ի ժամը 14։00-ից վերագործարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Սնանկության դատարանում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Վերաքննիչ քրեական դատարանում, Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համակարգը դեռևս կարիք ունի ծրագրային թարմացումների, 2021թ-ից մինչ այժմ ձեռքով կատարված գործերի մակագրումների ամբողջական ներմուծման և Բարձրագույն դատական խորհրդի 2021թ. մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ 16-Ն-6 որոշման պահանջներին լիարժեք համապատասխանեցման, հայտնում ենք, որ առաջիկայում համակարգում կշարունակվեն անհրաժեշտ աշխատանքները, ինչը հնարավոր է հանգեցնի որոշակի անճշտությունների, որոնք սեղմ ժամկետներում կվերականգնվեն։
Բարձրագույն դատական խորհուրդ
05.05.2022
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վճռաբեկ դատարանի Վարչական և Հակակոռուպցիոն պալատները համալրելու անհրաժեշտության վերաբերյալ» 18․04.2022 թվականի լրացուցիչ հայտարարության հիման վրա հավակնորդների կողմից Վճռաբեկ դատարանի Վարչական և Հակակոռուպցիոն (հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող) պալատները համալրելու նպատակով բավարար թվով դիմումներ Բարձրագույն դատական խորհուրդ չեն ստացվել, կրկին լրացուցիչ հայտարարության անհրաժեշտություն է առաջացել:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝
1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
3) այն անձը, որը՝
ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ
բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:
Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի մայիսի 20-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ