background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

24.07.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻՆ

Հուլիսի 23-ին Բարձրագույն դատական խորհրդում նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հետ, որին մասնակցում էին Խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Մարդու իրավունքների, օրենքի գերակայության ծրագրերի պատասխանատու Մարինա Մալխասյանը, խմբի ղեկավար Ջեյսոն Գլուկը, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի և մասնագիտացված կենտրոնների ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակն էր քննարկել արդարադատության ոլորտի բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարության գործընթացի ներկա վիճակին, դատաիրավական համակարգում առկա մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական ուղենիշերին առնչվող հարցերը, և այդ գործընթացում Խորհրդի ունեցած դերակատարությունը:

Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նկատեց, որ ուրախ է՝ հյուրընկալելու կարևոր առաքելությամբ Հայաստան ժամանած հյուրերին, որոնց հետ ակտիվ համագործակցությունը կարող է իր դրական ազդեցությունն ունենալ դատաիրավական բարեփոխումների այն համալիր ծրագրերի իրագործման հարցում, որոնք կարևոր են ցանկալի դատական իշխանություն ունենալու համար:

Դատական իշխանության առջև ծառացած մարտահրավերները չափազանց էական են զարգացման այս փուլում, և դրանց լուծման համար կարևոր կլինի նաև միջազգային գործընկերների աջակցությունը: Նա նաև կարևորեց օրենսդրական փոփոխությունների մշակման գործընթացում Խորհրդի ներգրավվածության անհրաժեշտությունը, որը գործընթացն առավել արդյունավետ կդարձնի:

Խորհրդի անդամներ Հայկ Հովհաննիսյանի և Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ կապված դատաիրավական բարեփոխումների, դատական իշխանության արդյունավետ կառավարման, էլ-արդարադատության համակարգերի ներդրման, դատակենտրոնի ստեղծման, արխիվների թվայնացման, օրենսդրական փոփոխությունների, դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի օրենսդրական ընթացակարգերի, դատավորների գնահատման մեխանիզմների ապահովման, կարգապահական վարույթների օրենսդրական ընթացակարգերի, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների հետ:

Խմբի ղեկավար Ջեյսոն Գլուկը հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության և արդյունավետ քննարկման համար՝ ընդգծելով Խորհրդի կարևոր դերակատարությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում և իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

23.07.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

Ս.թ. հուլիսի 19-ին իմ՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց ի վեր որոշ լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իմ անձի և գործունեության վերաբերյալ տարածվում են տարաբնույթ մեկնաբանություններ, քննադատություն և բացասական գնահատականներ:

Մշտապես ընդունել եմ առողջ քննադատությունը, ողջունել եմ թափանցիկությունը և հաշվետվողականությունը, սակայն չեմ կարող ընդունել անհիմն, երբեմն զրպարտության վերածվող մեղադրանքները:

Ինչպես արդեն հայտնել եմ, առաջիկայում պատրաստվում եմ մեկնել արձակուրդ: Ուստի հնչեցված խիստ սուբյեկտիվ գնահատականներին կանդրադառնամ արձակուրդից վերադառնալուց հետո՝ լրագրողների հետ հանդիպմանը: Պատրաստ եմ պատասխանել իմ՝ անցյալ, ներկա և ապագա գործունեության մասին բոլոր հարցերին մամուլի ասուլիսի ընթացքում, որը նախատեսում եմ կազմակերպել ս.թ. սեպտեմբերի 4-ին: Ուստի խնդրում եմ մինչ այդ զերծ մնալ ցանկացած տեսակի շահարկումներից, որոնք կարող են վնասել Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությանը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ռուբեն Վարդազարյան

image

19.07.2019

ԸՆՏՐՎԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպեց Խորհրդի նախագահի ընտրությունը:

Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեց Ռուբեն Վարդազարյանին:  

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

17.07.2019

ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Բարձրագույն դատական խորհրդի՝ համալրված կազմով հերթական նիստը տեղի ունեցավ հուլիսի 15-ին:

Մինչ օրակարագային հարցերի քննարկումը Խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, շնորհավորելով Խորհրդի նորընտիր դատավոր անդամներ Ռուբեն Վարդազարյանին, Մեսրոպ Մակյանին, Նախշուն Տավարացյանին՝ նշեց, որ Խորհրդի կազմի համալրմամբ այսուհետ հնարավոր կլինի կազմակերպել Խորհրդի արդյունավետ աշխատանքը:   

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները ևս ողջունելով գործընկերներին՝ իրենց պատրաստակամությունը հայտնեցին՝ ի նպաստ համատեղ կառուցողական աշխատանքի:

Հուլիսի 11-ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ստացել էր 111 ձայն, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը՝ 83 ձայն:

Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանն էլ, համաձայն «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջների, երդվելով ստանձնեց Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի իր լիազորությունները:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն