background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

10.07.2019

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2019 թվականի հուլիսի 11-ին կայանալիք Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հունիսի 27-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ ընտրվելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի թվով 77 դատավորին:

Առաջին ատյանի դատարաններից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների թվով 66 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության քվեաթերթիկում ներառվելու է ներքոնշյալ՝ թվով 11 դատավորի անուն.

 

 

image

09.07.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ, ԵՄ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Այսօր՝ հուլիսի 9-ին, Բարձրագույն դատական խորհուրդը, նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի գլխավորությամբ, հյուրընկալեց դատաիրավական բարեփոխումների ԵԽ, ԵՄ փորձագետների պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Սերգեյ Չիչոյանը Խորհրդի և դատական իշխանության անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության ունեցած կարևոր առաքելության համար:

Իր խոսքում նա նկատեց, որ Խորհուրդը, ստանձնելով իր պարտականությունների իրականացումը, կարճ ժամանակաշրջանում սերտորեն համագործակցել է կառավարության հետ, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության հետ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության 2018-2023 թթ. ծրագրի մշակման ուղղությամբ: Ամբողջացվել են արդարադատության արդյունավետության համալիր բարձրացման գերակա ուղղությունները, մշակվել դրանց լուծման հնարավոր ռազամավարական գործիքակազմերը, որոնք ամփոփված են Խորհրդի «Տարեկան հաղորդման» մեջ:

Ներկայացվեցին դատական համակարգում առկա այն գերակա խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Դրանք վերաբերում են էլ-արդարադատության և մշտադիտարկման համակարգի ներդրմամբ դատարանների անհարկի գերծանրաբեռնվածության թեթևացմանը, դատարանների նյութատեխնիկական և շենքային պայմանների բարելավմանը, արդարադատության ծախսատարության կրճատմանը, դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնմանն ու բարձրացմանը, որն ուղղակի ցուցիչն է մեկ այլ առանցքային խնդրի, որ այսօր դատավորի մասնագիտությունը չի գրավում երիտասարդ կադրերին, և կա դատավորների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու անհրաժեշտություն:

Առանցքային խնդիրների շուրջ տեղի ունեցավ կառուցողական քննարկում: Խորհրդի անդամներն իրենց հերթին անդրադարձան լուծում պահանջող նաև այլ առաջնահերթությունների, մասնավորապես՝ դատակենտրոնի ձևավորմանը, ուշացած արդարադատությանը, որն իր հերթին օբյեկտիվ հիմքեր ունի: Արձանագրվեց, որ դատավորների ներկա աշխատակազմով, տեխնիկական և օրենսդրական հնարավորությունների շրջանակում այսօր հնարավոր չէ իրականացնել այնպիսի արդարադատություն, որը կգոհացնի հանրությանը:

Կարևորվեց ոչ միայն վերադաս ատյանների առավել արդյունավետ գործելու անհրաժեշտությունը, այլև այնպիսի օրենսդրական կարգավորումների մշակումը, ինչը Բարձրագույն դատական խորհրդին ևս հնարավորություն կտա առանձին դեպքերում հարուցելու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ:

Շեշտվեց, որ դատական համակարգում որոշ հրատապ լուծում պահանջող խնդիրների համար համապատասխան ներդրումներ են անհրաժեշտ:

Հանդիպմանն անդարադարձ եղավ նաև վեթինգի գործընթացին առնչվող որոշակի հարցերի:

ԵԽ և ԵՄ փորձագիտական խմբի անդամներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Խորհրդին հանդիպման, առարկայական ու բովանդակալից քննարկման համար և ընդգծեցին իրենց պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

09.07.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ ՀՆՉՈՂ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաշվի առնելով այն, որ սոցիալական ցանցերում և որոշ մամուլի միջոցներում տեղ են գտնում դատավորների վերաբերյալ հնչեցվող վիրավորական արտահայտություններ, որոնք որոշ դեպքերում վեր են ածվում հայհոյանքների,

Նկատի ունենալով, որ դատական համակարգի նկատմամբ անվստահության ու բացասական վերաբերմունքի առկա դրսևորումներն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքեր,

Կարևորելով սուր քննադատության և ազատ կարծիք արտահայտելու հնարավորությունը ժողովրդավարական հասարակությունում,

Միաժամանակ ընդգծելով, որ վիրավորական արտահայտությունները չեն նպաստում դատական համակարգի գործունեության բարելավմանն ուղղված հանրային քննարկումների արդյունավետությանը,

Բարձրագույն դատական խորհուրդը՝

Կոչ է անում բոլորին զերծ մնալ դատավորների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններից և նման արտահայտությունները տարածելուց,

Հորդորում է իրավապահ մարմիններին շարունակել ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները՝ վիրավորական արտահայտությունների հեղինակներին բացահայտելու և օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու համար։

Բարձրագույն դատական խորհուրդն իր իրավասությունների սահմաններում շարունակելու է հետամուտ լինել խնդրին՝ բացառելու համար դատավորների հասցեին հնչող ցանկացած վիրավորական արտահայտություն, միաժամանակ շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար դատական համակարգի վերափոխումը և առողջացումը, ինչը կնպաստի դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության և հարգանքի ձևավորմանը և դրա ներկայացուցիչների վերաբերյալ վիրավորական արտահայտություններով կարծիք հայտնելու մերժմանը։

 

Բարձրագույն դատական խորհուրդ

image

06.07.2019

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԴԽ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

Դատական դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ՝ տեղեկացվում է, որ, ելնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումներից, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուն սույն թվականի հուլիսի 5-ի և 6-ին՝ ոչ աշխատանքային ուրբաթ և շաբաթ օրերին, քվեաթերթիկում իր անունը չներառելու մասին դիմում ներկայացնելու ցանկության առկայության դեպքում կարող է այն ուղարկել departament.datakan@mail.ru կամ dat.varch@mail.ru էլեկտրոնային հասցեներին, կամ 091-99-99-04, 095-11-11-71 հեռախոսահամարներին (նաև Viber, WhatsApp), կամ ժամը՝ 14:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում ներկայացնել Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին՝ Վ.Սարգսյան 5 հասցեով:  

image

02.07.2019

ԲԴԽ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ՝ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԻՄՔՈՒՄ

Ազգային ժողովի 01.07.2019 թ.-ի նիստում 102 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի համատեղ աշխատանքի արդյունքում մշակված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի» նախագիծը, որով նոր խմբագրությամբ է շարադրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ պարզեցված վարույթներին նվիրված 41-րդ գլուխը:

Ընդունված օրենքի կիրառմամբ ակնկալվում է էականորեն նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ապահովել պարզեցված վարույթի արդյունավետությունը և կանխատեսելիությունը:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններն ամբողջությամբ հիմնված են դատարանների ծանրաբեռնվածության բազմագործոն վերլուծության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից ձեռք բերված տվյալների, ինչպես նաև Խորհրդի կողմից մշակված Արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգի վրա, որոնք ամփոփված են Խորհրդի 2018 թ. տարեկան հաղորդման շրջանակներում:

Կատարված փոփոխությունները հիմնականում հանգում են հետևյալին.

  • հստակեցվել են 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջները պարզեցված վարույթի կարգով քննելու թույլատրելիության պայմանները.
  • ընդլայնվել է այլ կատեգորիայի գործերով պարզեցված վարույթ կիրառելու հնարավորությունը. ըստ նոր կարգավորումների՝ գործի քննության պարզեցված կարգ կարող է կիրառվել նաև այն դեպքերում, երբ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց, ինչպես նաև հայցի առարկայի փոփոխության արդյունքում պահանջի չափը նվազում է մինչև 2 մլն դրամ.
  • նախատեսվել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ լուծելու հնարավորություն. ըստ այդմ էապես կրճատվել է այն գործողությունների շրջանակը, որոնք պետք է կատարի գործը վարույթ ընդունած դատավորը (ներառյալ տարատեսակ ժամկետների հաշվարկը, միջանկյալ հավելյալ ակտի ընդունումը և այլն).
  • սահմանվել է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձանց նրանց իրավունքների և պարտականությունների, կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ.
  • սահմանվել է պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտ կայացնելու և հրապարակելու իրատեսական ժամկետ (առավելագույնը 4 ամիս պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո)՝ դատարանի համար առավել դյուրին դարձնելով դրա հաշվարկը.
  • նախատեսվել է պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում դատական նիստ հրավիրելու հնարավորություն կողմերի տնօրինչական գործողությունները (հայցից հրաժարում, հաշտության համաձայնություն, հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն) քննարկելու, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ գործին մասնակցող անձանցից պարզաբանումներ ստանալու նպատակով.
  • հնարավորինս նվազեցվել են պարզեցված վարույթի կարգով կայացվող վճռի պատճառաբանական մասին ներկայացվող պահանջները:

Հետայսու պարզեցված վարույթի կարգով քննվող գործերով կայացվող վճիռները պատճառաբանելիս ծավալուն, նյութատար և ժամանակատար աշխատանք կատարելու փոխարեն դատարանը վճռի պատճառաբանական մասում կարող է նշում կատարել առ այն, որ հայցի փաստական և իրավական հիմքերը (հայցվորի փաստարկները) բավարար է համարում հայցն ամբողջությամբ բավարարելու համար: Նշված կարգավորումը կիրառելի չի լինի այն դեպքերում, երբ գործի քննության ընթացքում հայցը պատասխանողի կողմից վիճարկվել է, հայցը մերժվել է լրիվ կամ մասնակիորեն: Միևնույն ժամանակ վերջին դեպքերի համար նախատեսվել է օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-2 մասերով և 192-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջների համեմատ վճիռը պատճառաբանելու «թեթևացված ստանդարտ», ըստ որի՝ վճռի պատճառաբանական մասում բավարար է ցույց տալ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, օրենքների և այլ իրավական ակտերի այն դրույթները (առանց դրանք վերարտադրելու), որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառելի է այն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված գործերի նկատմամբ:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն