Նորություններ
RSS
03.10.2019
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸԲարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հյուրընկալեց Հայաստանում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին, Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս խմբի ղեկավար Դոռոտա Դլոուչի-Սալիգային, ԵԽ Հայաստանի հարցերով բաժնի ղեկավար Կատարզինա Սոբիեռային, Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսային, ԵՄ քաղաքական հարցերով պատասխանատու Եկատերինա Դորոդնովային և ԵՄ ծրագերի պատասխանատու Իրինա Մովսեսյանին:
Պատվիրակության անդամներին ընդունեցին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Մեսրոպ Մակյանը, Հայկ Հովհաննիսյանը, Գրիգոր Բեքմեզյանը:
Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կարևորեց Խորհրդի՝ ընդգրկուն կազմով այս հանդիպումը և ընդգծեց Խորհրդի կողմից գործընկեր միջազգային կառույցների հետ բաց և թափանցիկ աշխատելու հաստատակամությունը, ցանկացած հարց քննարկելու պատրաստակամությունը:
Հանդիպման ժամանակ դատաիրավական բարեփոխումների համատեքստում քննարկվեցին Կառավարության կողմից մշակված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների Ռազմավարական ծրագրի ուղղությունները, դրանց արդյունավետ իրագործման մեխանիզմները, հեռանկարները, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմամբ արդարադատական գործընթացներն առավել թափանցիկ և հաշվետվողական դարձնելու անհրաժեշտությունը, դատական իշխանությանը վերաբերող այլ հարցեր:
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին հանդիպման համար՝ կարևորելով դատաիրավական բարեփոխումների իրականացման հարցում Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցությունն առավել սերտ և գործուն դարձնելու անհրաժեշտությունը:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում, նախանշվեցին և հստակեցվեցին հետագա փոխգործակցության ուղղություններն ու շրջանակները:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
30.09.2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԲարձրագույն դատական խորհուրդը, որպես ապաքաղաքական կառույց, ձեռնպահ է մնացել և շարունակելու է ձեռնպահ մնալ քաղաքական բնույթի հայտարարություններին, դրանցում հնչեցվող ձևակերպումներին արձագանքելուց, քանի դեռ դրանք կամ դրանց շահարկումը չեն անցել օրենքով թույլատրելիի սահմանագիծը:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ որոշ դատական գործընթացների կապակցությամբ դատական իշխանության նկատմամբ առկա են տարաբնույթ տրամադրություններ, ինչն օրինաչափ է: Մինչդեռ երբեմն դրանք միտումնավոր ուղղորդվում են և բերում ոչ բարենպաստ զարգացումների, ինչն ի զորու է վտանգել բարձր հանրային հեղինակություն ու վստահություն վայելող դատական իշխանության գաղափարի կյանքի կոչումը:
Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում առանձնակի կարևորել`
ա/ հանրության մեծ վստահություն վայելող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ հանրային գործիչների կողմից դատարանների և դատավորների հասցեին հնչեցվող արտահայտություններում խիստ ընտրողականություն դրսևորելու անհրաժեշտությունը՝ որևէ կերպ թույլ չտալու համար նույնիսկ գնահատողական դատողությունների տիրույթում վիրավորական բնույթի ձևակերպումներ.
բ/ իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ցանկացած շահի պաշտպանության իրականացումը բացառապես մասնագիտական, էթիկայի ու բարեվարքության կանոնների խստագույնս պահպանմամբ և ոչ երբեք դատական իշխանությունը հեղինակազրկելու, դատավորի անձը վիրավորելու և դատարանը վարկաբեկելու հաշվին.
գ/ դատավորների՝ ցանկացած ներազդեցության կամ ճնշման փորձից, պատվի, արժանապատվության ու անվտանգության դեմ ցանկացած ոտնձգությունից զերծ լինելը: Նման փորձերը մնալու են ընդամենը փորձեր և զրոյական ազդեցություն են ունենալու դատարանում քննվող ցանկացած գործի ընթացքի վրա, իսկ այդպիսի յուրաքանչյուր դեպք կլինի Բարձրագույն դատական խորհրդի ուշադրության կենտրոնում, որը հաստատակամ է ձեռնարկելու օրենքով նախատեսված քայլեր դատավորների անկախության ապահովման համար:
Միաժամանակ Խորհուրդը խիստ կարևորում է հատկապես իրավաբանական համայնքի՝ փաստաբանների, իրավապաշտպանների, դատախազների, քննիչների, հասարակական-իրավական կազմակերպությունների, դատավորներից ոչ պակաս կարևոր դերակատարությունը մեր պետության արդարադատական ինստիտուտների կայացման ու զարգացման գործում: Ավելին, գտնում ենք, որ իրավաբանական համայնքը պետք է դատական իշխանության հետ հավասարապես կիսի պատասխանատվությունը հասարակության առաջ՝ վերջնարդյունքում բացառապես մասնագիտական չափանիշներով գործող, հասանելի, ընկալելի և հանրային բարձր վստահություն վայելող արդարադատական համակարգ ունենալու ճանապարհին, քանի որ, ի վերջո, դրա անաչառ գնահատողն ու հիմնական շահառուն Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է»:
27.09.2019
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ Է ԱՆՑԿԱՑՐԵԼԲարձրագույն դատական խորհուրդը երեկ՝ սեպտեմբերի 26-ին, արտագնա նիստ անցկացրեց Գյումրիում։ Խորհուրդը հանդիպեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի և դատավորների հետ։
Հանդիպում-խորհրդակցության ժամանակ քննարկվեցին արդյունավետ արդարադատություն ունենալու գործիքակազմերը, դատական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները:
Անդրադարձ եղավ դատավորներին հետաքրքրող տարբեր հարցերի ևս: Հիմնականում ուշադրության առանցքում էին դատավորների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու անհրաժեշտությունը, գործերի բաշխման կարգը:
Նշվեց, որ Խորհուրդը քաջատեղյակ է դատավորներին հուզող հարցերին, և գործուն քայլեր են ձեռնարկվում առաջնահերթ խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու ուղղությամբ: Կարևորվեց նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմամբ դատական իշխանության արդյունավետության և հանրային հաշվետվողականության բարձրացման ապահովումը:
Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ բաց քննարկում: Դատավորների կողմից ներկայացվեցին նաև ոլորտում նկատելի խնդիրների հաղթահարման առաջարկություններ:
Աշխատանքային հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու անդամները շրջայց կատարեցին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկի, ինչպես նաև Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Թալինի նստավայրերում, տեղում ծանոթացան գրասենյակի, արխիվի և կարգադրիչների ծառայության աշխատանքների կազմակերպման գործընթացին:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
24.09.2019
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸԱյսօր՝ սեպտեմբերի 24-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ:
Պատվիրակությանը՝ Համաշխարհային բանկի կառավարման մասնագետ Դանիելա Ֆելքմանի գլխավորությամբ, ընդունեցին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Հայկ Հովհաննիսյանը և Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:
Հանդիպման նպատակն էր դատաիրավական համակարգի և հակակոռուպցիոն ռազմավարությանն առնչվող հարցերի քննարկումը, արդարադատության ոլորտի բարեփոխումների հարցում Համաշխարհային բանկի կողմից հնարավոր օժանդակության ու տեխնիկական աջակցության շրջանակների հստակեցումը: Անդրադարձ եղավ նաև արդարադատության ոլորտի ֆունկցիոնալ ուսումանսիրության նպատակով էլ-հարցման անցկացման հարցում Խորհրդի աջակցության կարևորությանը:
Ողջույնի իր խոսքում՝ Խորհրդի նախագահն ընդգծեց դատաիրավական ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած երկարամյա արդյունավետ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այն շարունակվելու է և տալու է իր պտուղները: Ռուբեն Վարդազարյանն իր խոսքում նաև նկատեց, որ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը կառավարության կողմից ընկալվում է որպես վստահելի գործընկեր և, որպես դատական իշխանության քաղաքականությունը որոշող սահմանդրական մարմին, ցանկություն կա անմիջական և ուղիղ աշխատելու միջազգային բոլոր գործընկերի հետ:
Դանիելա Ֆելքմանը, շնորհակալություն հայտնելով Խորհրդին ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, կարևորեց Բարձրագույն դատական խորհրդի դերը արդարադատության ոլորտի զարգացման գործում:
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ մտքերի փոխանակում, քննարկվեցին գործնական նշանակության այլ հարցեր ևս:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
17.09.2019
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸՍեպտեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվիրակության ներկայացուցիչներին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը և քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:
Քննարկմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերին և այդ համատեքստում Վենետիկի հանձնաժողովի ունեցած դերին ու գործառութային հնարավորություններին: