Նորություններ
RSS
29.12.2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանների առաջխաղացման ենթակա համապատասխան մասնագիտացման դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետներ ներգրավելու նպատակով փորձագետներ առաջադրելու անհրաժեշտության վերաբերյալՀիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 44.1-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14.04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 10-րդ մասը և այդ նորմերի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի կողմից 29.11.2021 թվականին կայացված թիվ ԲԴԽ-101-Ո-292 Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման և գործունեության կարգը սահմանելու մասին որոշումը հայտարարվում է Հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանների առաջխաղացման ենթակա համապատասխան մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետներ ներգրավելու նպատակով փորձագետներ առաջադրելու անհրաժեշտության մասին:
Օրենքի 19-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ որպես փորձագետ կարող է ընտրվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ: Փորձագետներից մեկը պետք է լինի ազգային փորձագետ, իսկ երկուսը՝ առաջադրվեն վերջին երկու տարում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային կամ միջկառավարական կազմակերպությունների կամ միավորումների կողմից: (…):
Փորձագետի թեկնածուի համար առաջադրվում են հետևյալ պահանջները.
ա) թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն.
բ) Հայտարարություն հրապարակելուն նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում փորձագետի թեկնածուի գործունեության բնույթը պետք է ներառի հակակոռուպցիոն գործունեության ոլորտը։
29.11.2021 թվականին կայացված թիվ ԲԴԽ-101-Ո-292 որոշմամբ հաստատված Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման և գործունեության կարգի 3-րդ կետի համաձայն՝ (…) հակակոռուպցիոն ոլորտի մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող անձ է համարվում կոռուպցիոն հանցագործությունների քննության փորձ ունեցող քննիչի, դատախազի, դատավորի պաշտոնը զբաղեցնող կամ զբաղեցրած անձը, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների բնագավառում փաստաբանական ծառայություններ մատուցած փաստաբանը, հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնող ազգային և միջազգային կազմակերպություններում աշխատած (ծառայություններ մատուցած) փորձագետը, մասնագետը:
Վեր նշված պահանջներին բավարարող անձինք կարող են իրենց փաստաթղթերն առձեռն ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից 10-օրյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի հունվարի 8-ը ներառյալ:
Փորձագետի թեկնածուն պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. Դատական դեպարտամենտի ղեկավարին հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի թեկնածուի կողմից՝ ինքնառաջադրման դեպքում, իսկ կազմակերպության կողմից առաջադրման դեպքում՝ կազմակերպության անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի կողմից։
Դիմումում պետք է ներառվեն ինքնառաջադրվող անձի դեպքում՝ անունը, ազգանունը և հայրանունը, անձնագրային տվյալները, ծանուցման և էլեկտրոնային հասցեները, իսկ կազմակերպության կողմից առաջադրման դեպքում՝ կազմակերպության անվանումը, կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման և էլեկտրոնային փոստի հասցեները, առաջադրվող թեկնածուի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նշում թեկնածուի համաձայնության մասին,
2. Կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3. Թեկնածուի կենսագրությունը և ծավալած աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունները (աշխատանքային պայմանագիր, տեղեկանք աշխատավայրից, երաշխավորագիր-նամակ),
4. Թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար,
5. Թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ կազմակերպության կողմից որպես փորձագետի թեկնածու առաջադրվելու մասին,
6. Բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ,
7. Գրավոր համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու մասին, մասնավորապես՝ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից,
8. Նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ Կարգի 7-րդ կետով նախատեսված հանգամանքների բացակայության մասին։
Փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում Դատական դեպարտամենտի ղեկավարի որոշմամբ դրանք վերադարձվում են՝ երկօրյա ժամկետում դրանք շտկելու և կրկին ներկայացնելու նպատակով։ Որոշումը ուղարկվում է նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և համարվում է ստացված։ Դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի թերությունները սահմանված ժամկետում չշտկելու և կրկին ներկայացվելու, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանության դեպքերում Դատական դեպարտամենտի ղեկավարը որոշում է կայացնում ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության հիմքով դիմումի ընդունումը մերժելու մասին։Նման որոշում չկայացվելու դեպքում փորձագետի թեկնածությունը համարվում է ընդունված։
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ
28.12.2021
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԲարձրագույն դատական խորհրդում ստացվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, որով վերջինս խնդրել է միջոցներ ձեռնարկել թիվ ՏԴ2/0037/01/15 քրեական գործի քննությունը պատշաճ կարգով և ողջամիտ ժամկետներում ապահովելու համար:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ որևէ դատարանի բնականոն գործունեությունը չի կարող ապահովվել դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նույն ատյանի համապատասխան մասնագիտացման մեկ այլ դատավոր իր համաձայնությամբ կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: (...):
Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 154-րդ կետի համաձայն՝ մինչև հարցի քննարկումը Խորհրդին ներկայացնելը Դեպարտամենտի կենտրոնական մարմինը աշխատակազմերի, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով տեղեկացնում է դատավորներին գործուղման հնարավորության մասին։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորներին տեղեկացվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղվելու հնարավորության մասին:
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղվելու ցանկություն ունեցող քրեական մասնագիտացման դատավորները կարող են մինչև 2022 թվականի հունվարի 5-ը, ժամը` 18:00-ն, գործուղվելու առնչությամբ իրենց գրավոր համաձայնությունը ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (էլ. փոստ՝ info@court.am):
28.12.2021
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով որոշում կայացնելու2021 թվականի դեկտեմբերի 27-ին, Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի 2022 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 15:00-ին:
Ըստ ներկայացված միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 191-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված նորմերի խախտումներ:
Դատավորը համամիտ չէ միջնորդության հիմնավորումների հետ և գտնում է, որ այն ենթակա է մերժման:
27.12.2021
ԸՆՏՐՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԲԱԺՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԸԲարձրագույն դատական խորհուրդը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, 2021 թվականի դեկտեմբերի 24-ին անցկացրել է քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինը համալրելու նպատակով դատավորի թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբաններ:
Հարցազրույցի փուլին մասնակցել է գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 3 հավակնորդ:
Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդել է քվեարկությունը:
Քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդակցական սենյակում բաց քվեարկության արդյունքում քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների 3 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ է ստացել 1-ը.
Հակոբյան Կարեն:
24.12.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇ-ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆՀիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժինը և կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով որակավորման գրավոր քննությունները տեղի են ունենալու համապատասխանաբար 2022 թվականի հունվարի 10-ին ժամը 10-ին և հունվարի 11-ին ժամը 10։00-ին՝ Երևանի պետական համալսարանի «Եղիշե Չարենց» դահլիճում (հասցե` ք. Երևան, Ա․ Մանուկյան 1):
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որակավորման գրավոր քննությանը և հարցազրույցին, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը, կարող են ներկա լինել և դրանց ընթացքին հետևել իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև երեք ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման ժամանակագրական առաջնահերթության, յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից՝ մեկ ներկայացուցիչ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որակավորման գրավոր քննությունները տեղի են ունենալու 2022 թվականի հունվարի 10-ին և 11-ին, ուստի հասարակական կազմակերպություններին առաջարկվում է մինչև 2022 թվականի հունվարի 5-ը ներառյալ համապատասխան հայտ ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17):
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՆՄՈՒՇ-ՕՐԻՆԱԿ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՆՄՈՒՇ-ՕՐԻՆԱԿ