background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

10.01.2022

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

2021 թվականի հուլիսի 21-ին Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ գլխավոր դատախազության կողմից, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրազեկվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով քննչական գործողություններ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մուտք գործել Բարձրագույն դատական խորհրդի, ՀՀ վճռաբեկ, ՀՀ վերաքննիչ քրեական, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական, Սնանկության և Վարչական դատարանների, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքեր:

Հարուցված քրեական գործի շրջանակներում նույն օրը առգրավվել են «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները, ինչով պայմանավորված ստեղծվել է անհաղթահարելի ուժ՝ ՀՀ վերաքննիչ քրեական, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական, Սնանկության, Վարչական դատարաններում և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատական գործերի բաշխումը համակարգչային ծրագրի միջոցով իրականացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քրեական, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական, Սնանկության, Վարչական դատարանների նախագահների և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից 2021 թվականի հուլիսի 22-ին Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացվել է դատական գործերը «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) միջոցով բաշխելու անհնարինության մասին: Նույն օրը հրատապ հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է 2021 թվականի հուլիսի 21-ից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվելու՝ անհաղթահարելի ուժի հետևանքով վերը նշված դատարաններում՝ գործերի բաշխման անհնարինության հարցը և կայացրել արձանագրային որոշում. Դատական դեպարտամենտին համապատասխան ցուցումներ տալու մասին: Միաժամանակ հիշյալ դատարանների նախագահներին առաջարկվել է, գործերի բաշխումը, վերաբաշխումը և կոլեգիալ դատական կազմերի ձևավորումը համակարգչային ծրագրի միջոցով իրականացնելու անհնարինության դեպքում առաջնորդվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգավորումներով:

2021 թվականի հուլիսի 23-ին Դատական դեպարտամենտը համապատասխան գրությամբ դիմել է Ծրագրի սպասարկումն իրականացնող «ՄԵՅՍԻՍ ԻՆՖՈՐՄԵՅՇՆ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ին՝ հիշյալ դատարանների նախագահների կողմից բաշխված դատական գործերը համարակալելու, ինչպես նաև դատական գործի էլեկտրոնային քարտի հետագա լրացման ընթացքն ապահովելու համար տեխնիկական հնարավորություն ստեղծելու խնդրանքով:

Բարձրագույն դատական խորհուրդը մտահոգ լինելով Ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվելու հանգամանքով լիազորել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին ընդունել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ղեկավարին և ճշտել հարուցված քրեական գործի շրջանակներում դատական գործերը Ծրագրի միջոցով բաշխելու անհնարինության, ինչպես նաև Ծրագիրը հնարավորինս սեղմ ժամկետում վերագործարկելու հետ կապված հարցերը: Հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 27-ին Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից բանակցություններ են վարվում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ նոր համակարգչային ծրագրի կազմման և ներդրման կապակցությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թվականի դեկտեմբերի 2-ի նիստում կրկին լիազորել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին Ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվելու հանգամանքով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին դիմելու և պարզաբանումներ ստանալու հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ, որի արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 6-ի գրությանն ի պատասխան դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանը տեղեկացրել է, որ հարուցված քրեական գործով նշանակված է համակարգչատեխնիկական փորձաքննություն, որի արդյունքներն դեռևս չի ստացվել:

Անդրադառնալով ՀՀ վերաքննիչ դատարաններում 2022 թվականի հունվարի 1-ից կոլեգիալ դատական կազմերի ձևավորման հարցին՝ տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ ԲԴԽ-111-Ն-32 որոշմամբ լրացում է կատարել Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման մեջ, որը սահմանված կարգով հրապարակված է նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Դատարանների նախագահների կողմից իրականացվող գործերի բաշխման հարցադրումների կապակցությամբ հայտնում ենք, որ Սահմանադրության 162-րդ և 173-րդ հոդվածներով սահմանված պահանջներից, ինչպես նաև Օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդին պատվիրակված լիազորությունների շրջանակներից ելնելով՝ դրանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը դուրս է Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների շրջանակից:

 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

image

10.01.2022

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

2022 թվականի հունվարի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը միաձայն որոշեց մերժել Արդարադատության նախարարության միջնորդությունը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

image

07.01.2022

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

ՆԻՍՏԻ ՕՐԸ

ՆԻՍՏԻ ԺԱՄԸ

                                        ՕՐԱԿԱՐԳԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

10․01.

2022թ.

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԴՌՆԲԱՑ

image

05.01.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի  թիվ 48-Ա հրամանի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (հասցե` ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1-ին շենք):

Նիստի օրակարգում ընդգրկված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ)։

image

05.01.2022

Ցավակցական հեռագիր

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում՝  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի հոր՝ Ռուբիկ Մարաբյանի մահվան կապակցությամբ:

Մարաբյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

Հոգեհանգիստը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 18:00-ին՝ Նոր Նորքի «Սուրբ Սարգիս» եկեղեցում: