background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

07.07.2022

ԲԴԽ-ում տեղի ունեցավ դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը

Այսօր՝ հուլիսի 7-ին, ԲԴԽ-ում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թիվ ԵԴ/0471/01/21 քրեական գործով 27.10.2021 թվականի որոշման կայացմամբ թույլ են տրվել Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 137-րդ հոդվածի 4-րդ մասի, 358-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի ամրագրված պահանջների խախտումներ, որոնք իրենց հերթին հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտման, այն է՝ Դատարանը, Գործով քննության առնելով ամբաստանյալ Գևորգ Գևորգյանի պաշտպան Արթուր Մանուկյանի միջնորդությունն ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, որոշում է կայացրել այն բավարարել՝ գրավի չափ սահմանելով 1,500,000 ՀՀ դրամ:

Ըստ նախարարության՝ դատարանի հիշյալ որոշումը պատճառաբանված չէ:

Խորհուրդը կողմերին լսելուց և գործի քննության ավարտ հայտարարելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի հուլիսի 18-ին՝ ժամը 15.00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

image

05.07.2022

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Դեռևս 1995 թվականին համաժողովրդական հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրությունը, կրելով բազում փոփոխություններ, եղել և շարունակում է մնալ մեր պետականության, երկրի օրինականության խորհրդանիշը: Սահմանադրությամբ ամրագրված օրենքները հանդիսանում են մեր երկրի ներքին համերաշխության, կայունության և բնականոն զարգացման երաշխիքներից մեկը:

Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալն ու դրանց համընթաց քայլելով՝ ազգային նվիրական իղձերն ու նպատակները կյանքի կոչելը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ և մաղթում եմ խաղաղություն և լավատեսություն:

 

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար

Սերգեյ Չիչոյան

 

image

05.07.2022

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քրեական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քրեական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:

Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:

 

Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի հուլիսի 7-ը՝ ժամը 14:00-ն ներառյալ:

 

Բարձրագույն դատական խորհուրդ

image

04.07.2022

Հայտարարություն

ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել: 

Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները պետք է կատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը: 

Տեղեկացնում ենք, որ Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Ս. Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց: 

Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը:

image

04.07.2022

Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի դատավորներ Արթուր Դավթյանի, Լիպարիտ Մելիքջանյանի և Գևորգ Գյոզալյանի երդմնակալության արարողությունը:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում: