Նորություններ
RSS
29.06.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ Հատոր XIIԼույս է տեսել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2020 թվականի որոշումների ընտրանին։ Ներկայացվող ժողովածուն, որը ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումների 12-րդ հատորն է, իրենից ներկայացնում է՝ 2020 թվականի ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից կայացված որոշումների ընտրանի և ներառում է նախադեպային նշանակություն ունեցող 65 որոշում և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին 1 որոշում, որոնցում մշակվել են իրավակիրառ պրակտիկայում ծագող հիմնահարցերի լուծման, նյութական և դատավարական իրավունքի նորմերի մեկնաբանության առանցքային չափորոշիչներ։
Օրենքի միատեսակ կիրառության ապահովման և մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու սահմանադրական գործառույթների իրացման շրջանակներում, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը մի շարք արժեքավոր նախադեպային որոշումներ է կայացրել՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս վերադաս դատական ատյանի լիազորությունների շրջանակի, դատական որոշումների կատարման փուլում լուծվող հարցերի ընդդատության, ժամանակավոր կալանավորման և հանձնման համար կալանավորման բողոքարկման ժամկետների, ձերբակալման իրավաչափության վիճարկման պահանջների, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը բեկանելու ու գործը վերաբացելու համատեքստում անձի արդար դատաքննության իրավունքի պաշտպանության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հիմք հանդիսացող՝ նոր երևան եկած հանգամանքների, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու պարագայում խուզարկություն քննչական գործողություն կատարելու իրավաչափության, խարդախության և կաշառք ստանալու հանցակազմերի հարաբերակցության, չավարտված հանցագործությունների դեպքում պատժի հաշվարկման առանձնահատկությունների և մի շարք այլ կարևոր իրավական հարցերի առնչությամբ, որոնք վերջին տարիներին ծառացել էին իրավակիրառողների առաջ։
Ընտրանու տպագրությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
28.06.2022
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՆԻՍՏԻ ՕՐԸ |
ՆԻՍՏԻ ԺԱՄԸ |
ՕՐԱԿԱՐԳԸ |
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
|
04․07․2022թ․ |
15։00 |
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴՈՒՀԻ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
ԴՌՆԲԱՑ |
|
07․07․2022թ․ |
15։00 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
ԴՌՆԲԱՑ |
24.06.2022
ԲԴԽ անդամներն ընդունել են ԱՄՆ դատավորի գլխավորած պատվիրակությանըԱյսօր՝ հունիսի 24-ին, Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը, Խորհրդի անդամներ Դ. Խաչատուրյանը, Ա. Մխիթարյանը, Գ. Բեքմեզյանը, Ս. Միքայելյանը և Լ. Մելիքջանյանը ընդունել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատավոր, ԱՄՆ հայ իրավաբանների միության վարչության անդամ, Կալիֆոռնիայի իրավաբանական համալսարանի իրավաբանների և դատավորների էթիկայի պրոֆեսոր Էմմի Աշվանյանի գլխավորած տարբեր երկրների իրավաբաններից կազմված պատվիրակությանը:
Հանդիպման մասնակիցները «Դատավորի արտադատարանական հայտարարությունները վարքագծի կանոնների համատեքստում» թեմայով կլոր-սեղան քննարկման ընթացքում անդրադարձել են դատավորների անկախությանը, անկողմնակալությանը և բարեվարքությանն առնչվող հարցերի, ներակայացրել իրենց երկրների օրենսդրական և իրավակիրառ փորձը:
Քննարկմանը մասնակցում էին նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի, Արդարադատության նախարարության և Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ:
Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտեցին, որ համանման քննարկումները կկրեն շարունակական բնույթ:
23.06.2022
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի գործով նիստը հետաձգվեցԱյսօր՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ում մեկնարկեց Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ներկայացրած՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանը ԲԴԽ-ին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հետաձգել այսօրվա նիստը, պատճառաբանելով, որ թե՛ ինքը, թե՛ Հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանն ունեն աշխատանքային ծանրաբեռնվածություն:
Դատավոր Տիգրան Սիմոնյանը հայտնեց, որ ինքը ևս նիստը հետաձգելու մասին միջնորդություն ունի, քանի որ Դատական դեպարտամենտից վիճակագրական տվյալներ է խնդրել, որոնք պատրաստվում է իր պաշտպանությունն իրականացնելու շրջանակում օգտագործել, և դեռևս չի ստացել դրանք:
Խորհուրդը որոշեց այսօրվա նիստը հետաձգել այլ հերթի:
23.06.2022
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի գործով նիստը հետաձգվեցԱյսօր՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ում մեկնարկեց Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ներկայացրած՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանը ԲԴԽ-ին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հետաձգել այսօրվա նիստը, պատճառաբանելով, որ թե՛ ինքը, թե՛ Հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանն ունեն աշխատանքային ծանրաբեռնվածություն:
Դատավոր Արմեն Դանիելյանը հայտնեց, որ ինքը ևս նիստը հետաձգելու մասին միջնորդություն է ցանկանում ներկայացնել, քանի որ պատրաստվում է Դատական դեպարտամենտից վիճակագրական տվյալներ խնդրել իր հետագա պաշտպանությունն իրականացնելու համար:
Խորհուրդը որոշեց այսօրվա նիստը հետաձգել այլ հերթի: