background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

05.05.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

Մայիսի 5-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ողջույնի խոսքից հետո Խորհրդի նախագահը ներկայացրեց  Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը՝ մասնավորապես ուղղված կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանը և արտակարգ դրության պայմաններում դատական իշխանության բնականոն, անխափան և շարունակական աշխատանքի ապահովմանը՝ գերակա համարելով հանրային առողջությունը:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և  ներկայացրեց Իրանում առկա վիճակը համավարակի պայմաններում՝ նշելով, որ երկրում մի քանի տասնյակ հազարի հասնող վարակված անձանց 80%-ն արդեն իսկ ապաքինվել է:

Կողմերը հույս հայտնեցին, որ համավարակը շուտով կլքի ամբողջ աշխարհը, և մարդկությունը հնարավորություն կունենա վերադառնալ իր բնականոն կյանքին:

Հանդիպմանը քննարկվեցին դատական իշխանությանը վերաբերող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Առանձնակի կարևորվեց հարևան երկու երկրների դատական մարմինների արդյունավետ համագործակցությունն ու փոխգործակցության խորացումը:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

03.05.2020

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:

Այս տոնը բացառիկ է նրանով, որ վերաբերում է ոչ միայն մասնագիտական, այլև պետության և հասարակության բոլոր շերտերին: Մամուլի ազատությունը երկրի ժողովրդավարության կարևոր նշաձող է համարվում: 1993 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը մայիսի 3-ը սահմանեց որպես ձեր մասնագիտական տոն: Ցանկացած ժողովրդավարական երկրի և հասարակության համար կայացած ու ազատ լրագրությունը պետության, մասնավորապես, իշխանության բոլոր ճյուղերի և համակարգերի գործունեության հանրային վերահսկողության հիմնական ինստիտուտներից է:
Հարգելի՛ լրագրողներ, Բարձրագույն դատական խորհուրդը որդեգրել է Զանգվածային լրատվության միջոցների հետ ազատ և թափանցիկ աշխատելու քաղաքականություն: Ձեր օբյեկտիվ աշխատանքի և մեր թափանցիկ գործունեության արդյունքում Դատական իշխանությունը հասարակության համար քայլ առ քայլ դառնում է առավել ընկալելի և բաց: 

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական օրվա կապակցությամբ և մաղթում, որպեսզի մամուլի գործունեության համար ներկայումս ստեղծված պայմանները, ազատության ու անկախության հնարավորությունները լինեն հարատև, և դուք կարողանաք անխոչընդոտ իրացնել ձեր հիմնական առաքելությունը՝ հասարակության՝ իրազեկ լինելու իրավունքի ապահովումը:

Հարգանքով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյան

image

16.04.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ, հարգելի Արման Սարգսյան,

Շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ ոստիկանության բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Այսօր մեր պետությունը, ժողովուրդը բոլորովին նոր իրականության պայմաններում է ապրում և կազմակերպում իր կյանքն ու գործունեությունը, ինչն իրավամբ  բերել է թե՛ նոր ու նախադեպը չունեցող մարտահրավերների ռիսկեր, և՛ թե որակական ու մասնագիտական նոր բարձունքներ գրանցելու հնարավորություններ: Եվ ակնհայտ է, որ Ոստիկանությունը պետության իրավակարգի ամրապնդման հենց առաջին գծում է, ու տոնական օրվա կապակցությամբ շնորհավորելուց հետո, երկրորդ միտքը որ գալիս է՝ շնորհակալություն հայտնելն է ոստիկանության բոլոր աշխատակիցներին պանդեմիայի պայմաններում օր ու գիշեր իրականացվող գերծանրաբեռնված և արհեստավարժ, հասարակության անվտանգության և առողջության պաշտպանությանն ուղղված խիստ պարտավորեցնող ու նվիրական աշխատանքի համար:

Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում եմ առողջություն, ընտանեկան երջանկություն և անփորձանք ծառայություն՝ ի փառս Հայաստանի Հանրապետության:

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյան

image

14.04.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրելով վերջին օրերին դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում և համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները, մասնավորապես՝ ս.թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբի» կողմից հրապարակված «Աննա Դանիբեկյանը պետպատվերով ենթարկվել է քթի վիրահատության» և ապրիլի 13-ին «5-րդ ալիքի» կողմից հրապարակված ««Կարճ ասած»՝ Սևակ Հակոբյանի հետ» տեսանյութերը /հղումները տեղադրված են ստորև/, արձանագրում է, որ դրանցում բանախոսները թույլ են տվել ոչ միայն բարոյականության տեսանկյունից անընդունելի արտահայտություններ, ինչն ինքնին դատապարտելի է, այլ նաև հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/, ինչի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրում է ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար:

Տեսանյութ 1

Տեսանյութ 2

image

09.04.2020

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի:

 

Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն