background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

27.05.2020

ԴԱՏԱՎՈՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ

 

Համաձայն  Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 26-ի հրամանագրով ՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրվել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը:

image

27.05.2020

ԴԱՏԱՎՈՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ  Է ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը դատական իշխանությունում երկարամյա արդյունավետ գործունեության և իրավագիտության զարգացման ոլորտում ունեցած ակնառու հաջողությունների համար Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սլավիկ Թորոսյանը պարգևատրվել  է Երախտագիտության մեդալով:

image

27.05.2020

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

 

image

22.05.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում դատական բարեփոխումների կապակցությամբ հանրային քննարկումների շրջանակում առանձին գործիչների կողմից քննադատության խոսքեր են հնչեցվում դատական իշխանության` ընդհանրապես և Բարձրագույն դատական խորհրդի հասցեին մասնավորապես, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել հետևյալը.

  • Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է բացառապես գործող Սահմանադրության և օրենքների հիման վրա, ուստի Խորհրդի գործունեության վերաբերյալ հանրային սպասումները պետք է հիմնվեն այս պարզ ճշմարտության վրա:

 

  • Կարևորելով տարբեր կարծիքների և քննադատական խոսքի առկայությունը ժողովրդավարական գործընթացներում՝ միաժամանակ գտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդին և դատավորներին ուղղված քննադատությունը պետք է լինի առարկայական, այլ ոչ թե հիմնված ենթադրությունների, անորոշ և անհիմն ընդհանրական գնահատականների ու մեղադրանքների վրա:

 

  • Բարձրագույն դատական խորհուրդն իր աշխատանքը կազմակերպել և շարունակում է կազմակերպել թափանցիկության սկզբունքով, բաց է ցանկացած քննարկման համար, որը կարող է նպաստել դատական իշխանության արդյունավետ գործունեությանը։

 

Միևնույն ժամանակ՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ դեռևս երկու շաբաթ առաջ Բարձրագույն դատական խորհրդի կողմից հանդիպման հրավեր է ուղարկվել դատական իշխանության վերաբերյալ վերջին շրջանում առավել քննադատական ելույթների հեղինակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին, սակայն նրա կողմից այդպես էլ արձագանք չենք ստացել: Այնուամենայնիվ, կարևորելով շահագրգիռ կողմերի հետ հանդիպումները, որպես դատական իշխանության բարեփոխման կարևորագույն գրավական, Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է, որ բաց է ցանկացած կառուցողական երկխոսության և քննարկման համար։

 

  •  Չցանկանալով մեկ առ մեկ պատասխանել Բարձրագույն դատական խորհրդի վերաբերյալ հնչող քաղաքական, ընդ որում շատ դեպքերում սուբյեկտիվ գնահատականներին, հանրությանը կրկին ու կրկին հավաստիացնում ենք, որ Խորհուրդը գործում է և գործելու է բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքներով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, զերծ է մնալու քաղաքական գործընթացներին ներքաշվելուց և շարունակելու է իրականացնել իր վրա դրված բարձր և մինույն ժամանակ խիստ պատասխանատու առաքելությունը։

 

Բարձրագույն դատական խորհուրդ

image

09.05.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏՈՆԱԿԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տոնական օրվա առթիվ:

Այսօր մեզ համար առանձնահատուկ առիթ է արտահայտելու մեր երախտագիտությունն այն հերոսական սերնդի նկատմամբ, որն անցավ գերմարդկային փորձությունների միջով և մեր երկրի համար ապահովեց խաղաղ աշխատանքի և զարգացման հեռանկար:

Երկրորդ աշխարհամարտը ծանր քննություն էր աշխարհի բազում ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի համար: Թե՛ մեր ռազմիկները կռվի դաշտում, թե՛ մեր աշխատավորները թիկունքում պատվով բռնեցին այդ քննությունը: Դա մեզ համար իրապես դարձավ Հայրենական մեծ պատերազմ:

Խորհրդանշական զուգադիպությամբ 1992 թվականի մայիսյան նույն օրը ազատագրվեց հայոց հինավուրց բերդաքաղաքը՝ Շուշին: Հայրերի ու պապերի օրինակով դաստիարակված մերօրյա հերոսները կրկնեցին նախնիների սխրանքը` հայտնվելով նույն` արդարության, ազատության ու մարդասիրության առաջնագծում՝ ընդդեմ հայատյացության, բռնության ու բարբարոսության:

Հայ ռազմիկների մեծագործությունը շրջադարձային էր Հայաստանի Հանրապետության համար:  1992 թվականի մայիսի 9-ն իր պատմական արձանագրումն արեց. մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

Այս հաղթանակը ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի համար բացեց խաղաղ աշխատանքի, հայ ժողովրդի համակողմանի վերածննդի իրական և լայն հնարավորություններ: Սա հաղթած հերոսների տոնն է:

Մաղթում եմ խաղաղություն և ստեղծարար աշխատանք:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյան