Նորություններ
RSS
11.03.2019
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆԱյսօր՝ մարտի 11-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը և Խորհրդի անդամ Հ. Հովհաննիսյանը հանդիպում ունեցան Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վինչենցո Դել Մոնակոյի հետ:
Ողջունելով դեսպանին՝ Խորհրդի նախագահը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի կողմից արված քայլերը, դատական համակարգում համալիր բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները, արդյունավետ արդարադատության երաշխավորման ռազմավարական գերակա ուղղությունները: Նշվեց, որ Խորհուրդն այդ համակարգային փոփոխությունների կատարման ուղղությամբ բազմավեկտոր քայլեր է սկսել՝ ունենալով նաև կառավարության աջակցությունը:
Իր խոսքում Գագիկ Հարությունյանը նկատեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության անկախության երաշխավորն է, և Իտալիայի փորձը ևս կարող է օգտակար լինել հատկապես արդյունավետ արդարադատության կազմակերպման, արդարադատության ծախսատարությունը կրճատելու, դատարանների սպասարկման օպտիմալ լուծումների, դատական համակարգի բյուջետային պլանավորման բարեփոխումների առումով:
Դեսպան Ն.Գ. Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն հայտնեց բովանդակային հանդիպման համար և նկատեց, որ մշտապես ուշադրություն է դարձնում տարբեր երկրների դատական իշխանությունների միջև հարաբերությունների զարգացմանը: Այսօր այստեղ է նույն այդ նպատակով, քանի որ Հայաստանում իշխանությունները նոր էջ են բացում դատական իշխանության բարեփոխումների համար: Դեսպանի խոսքով՝ ապրիլին նախատեսվում է իտալացի դատավորների այցը Հայաստան, և ծրագրվում է նաև հանդիպում Բարձրագույն դատական խորհրդում:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր հերթին պատրաստակամություն հայտնեց հանդիպելու նրանց և առարկայական հարցեր քննարկելու:
Հանդիպման ավարտին, ի նշան նաև հարուստ մշակույթ ունեցող երկու երկրների միջև հետագա համագործակցության, դեսպան Վինչենցո Դել Մոնակոն Խորհրդին նվիրեց Վերածննդի դարաշրջանի խոշոր գեղանկարիչ Յակոբո Տինտորետտոյի «Բեռնիի դպրոցը և հռոմեական բարոկկոն» ժողովածուն՝ հայերեն հրատարակությամբ:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
06.03.2019
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԵՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱԶՄԸՕգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում անցկացրեց սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների թեկնածուների հետ:
Այնուհետև, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ որոշվեց Հանրապետության նախագահին ներկայացնել սնանկության դատարանի դատավորների թեկնածուներին՝ հետևյալ կազմով.
1. Աթաբեկյան Արթուր
2. Ավագյան Գարիկ
3. Բաբայան Արսեն
4. Թադևոսյան Սամվել
5. Խաչատրյան Արմեն
6. Կատվալյան Լիլիթ
7. Կուբանյան Արա
8. Հովհաննիսյան Արտաշես
9. Մկրտչյան Բագրատ
10. Նարինյան Գևորգ
11. Չիչոյան Արմեն
12. Փոլադյան Տիգրան
Սնանկության դատարանը գործելու է 2019 թվականի հունվարի 1-ից:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
05.03.2019
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆԱյսօր՝ մարտի 5-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի համաժողովների գլխավոր սրահում տեղի ունեցավ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի մեկնարկի արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանո դե լա Ռոզան, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ և պաշտոնատար այլ անձինք:
Ողջույնի իր խոսքում Նատալյա Վուտովան նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների համալիր իրականացմանը: Մարդու իրավունքների հարցով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը կարևորեց, որ դատական իշխանության չափորոշիչները համապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին: Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանո դե լա Ռոզան իր հերթին նկատեց, որ այսօր Հայաստանում կա քաղաքական հաստատակամություն՝ փորձելու բարելավել արդարադատության ոլորտը:
Իր խոսքում ողջունելով ծրագրի մեկնարկը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է այն վերջնարդյունքներով, որն ակնկալում են ստանալ բարեփոխումների ճանապարհով: Այդ վերջնարդյունքը Հայաստանի Հանրապետությունում, առավելապես այսօր, անկախ, անաչառ և արդյունավետ դատական իշխանություն, այլ ոչ թե համակարգ ունենալն է: Ավելին, այդ դատական իշխանությունը իշխանությունների բաժանման համակարգում պետք է ունենա ոչ միայն իր գործառույթը, այլև հակակշռող և զսպող լիազորությունները: Գագիկ Հարությունյանի համոզմամբ՝ այդպիսի իշխանություն ձևավորելու համար արդարադատությանն առնչվող բոլոր ինստիտուտները պետք է կարողանան գործակցաբար իրենց ներդրումն ունենալ խնդիրների լուծման հարցում:
Դատական իշխանության խնդիրների, դատարանների գերծանրաբեռնվածության բեռնաթափման, Բարձրագույն դատական խորհրդի գործունեության ռազմավարական ծրագրերի առանձին շեշտադրումների մասին Գագիկ Հարությունյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի հետ խոսեց օրվա երկրորդ կեսին՝ Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած ընդունելության ժամանակ:
Գագիկ Հարությունյանը նախ ներկայացրեց Խորհրդի մեկամյա գործունեության ձեռքբերումները, առկա խնդիրներն ու մարտահրավերները: Նա նշեց, որ Խորհրդի կողմից մշակված համապարփակ վերլուծության մեջ առաջադրվել են ռազմավարական բնույթի հստակ խնդիրներ, որոնք կկարողանան այս համակարգում ապահովել անկախ, անաչառ, արդյունավետ արդարադատություն: Առկա խնդիրները բաժանվել են ըստ կարևորության երեք առանձին կատեգորիաների՝ անհետաձգելի, միջնաժամկետ, ռազմավարական, որոնց ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվել:
Գագիկ Հարությունյանի խոսքով՝ դատական օրենսգրքում կան իրավունքի որոշակիության սկզբունքի տեսանկյունից խնդրահարույց և հակասական կարգավորումներ: Անհրաժեշտ է նաև մշակել օրենքի դոկտրինալ մեկնաբանությունների ժողովածու, որն օգտակար կլինի հատկապես դատավորների ամենօրյա աշխատանքում:
Քրիստոս Ջիակումոպուլոսը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման համար՝ հաստատելով իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Բարձրագույն դատական խորհրդին՝ նախանշված խնդիրների լուծման հարցում:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
04.03.2019
ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸԲարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի դրույթներին համապատասխան և շրջանակներում 2019 թվականի մարտի 4-ի նիստի ընթացքում հանդես գալով որպես դատարան, քննեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունը հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի մարտի 14-ին, ժամը 15.00-ին:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
28.02.2019
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ փետրվարի 26-ին նախատեսված էին մի շարք միջոցառումներ: Նախ առավոտյան, ժամը 10:00-ից 13:00 տվյալ դատարանների բոլոր սահմանափակ և փակ գոտիները հասանելի էին հանրության համար: Այցելուների շարքում էին դպրոցականներ, ուսանողներ, իրավաբաններ, լրագրողներ և դատարանի գործունեությամբ հետաքրքրված բոլոր անձինք: Նրանց հնարավորություն տրվեց ոչ միայն նստել դատավորների աշխատանքային աթոռներին, կրել պատմուճանները, անձամբ հարցեր ուղղել դատավորներին, այլև հետևել դատական նիստերին:
Օրվա միջոցառումների շրջանակում անցկացվեց նաև կլոր սեղան-քննարկում, որի նպատակն էր դատավորների, գիտնականների, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ այլ կողմերի հետ համատեղ քննարկումներ իրականացնել օրենսդրության բարելավման և դատական պրակտիկայի փոփոխման հարցում բարձր դատական ատյանների ունեցած դերի վերաբերյալ:
Բացման խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին:
Շնորհավորելով Վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանների նախագահներին, դատական ծառայողներին և դատավորներին հոբելյանի առթիվ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ այս իրադարձությունը նշվում է մի կարևոր ժամանակաշրջանում, երբ Հայաստանում դատական իշխանությունը բարեփոխումների շրջափուլում է, և վերաքննիչ դատարանների դերն այս հարցում առավել կարևոր է: Սահմանադրական բարեփոխումների ընթացքում խնդիր էր դրված հնարավորինս հստակեցնել տարբեր աստիճանի դատարանների դերակատարությունը: Գագիկ Հարությունյանի խոսքով՝ մեզանում վերաքննիչ դատարանները և, ընդհանրապես, բարձրագույն դատական ատյանները, բացառիկ կարևոր դերակատարություն ունեն իրավունքի գերակայության երաշխավորման, իրավական որոշակիության ապահովման, իրավունքների սահմանափակման սահմանադրական չափորոշիչների իրացման և դատական իշխանության որակական զարգացումների ուղղորդող դերակատարությունների հարցում: Նրա համոզմամբ՝ բողոքարկման արդյունքում ընդունված դատական ակտը պետք է պարունակի այնպիսի իրավական դիրքորոշումներ, որոնք կարողանան առաջին ատյանի դատարաններին կողմնորոշել հստակ, հիմնավորված, իրավաչափ, իրավունքի գերակայության սկզբունքից բխող որոշումներ ու վճիռներ կայացնել:
Վիճակագրական թվերի համեմատական տվյալներն ամբողջացնելով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրեց վերաքննիչ դատարանների գործերի դինամիկ աճը՝ այսօր այն համարելով դատական համակարգի ծանրագույն խնդիրներից մեկը, քանի որ դատարանների ծանրաբեռնվածության աճի միտումը գնալով շարունակվում է: 2018 թվականին Վերաքննիչ քրեական դատարանը ստացել է 4216 վերաքննիչ բողոք, ինչը 13,3 տոկոսով ավել է 2017 թվականի համեմատ: Գրեթե նույն պատկերն է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի պարագայում: 2018 թվականին բողոքներն աճել են 8,4 տոկոսով: Խնդիրն այն է, որ այսօր վերաքննիչ դատարանների արդյունավետությունը չի սահմանափակվում միայն այս քանակական ցուցանիշներով և իրենց շրջագծով: Բացառիկ կարևոր է, թե ընդհանուր համակարգը որքան արդյունավետ և կենսունակ է, ինչպիսին է այս կարևոր երկրորդ օղակի դերը:
Գագիկ Հարությունյանը նշեց նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ արդեն իսկ կայացել է քննարկում արդարադատության նախարարության, դատարանների նախագահների հետ՝ արդարադատության արդյունավետության երաշխավորման ռազմավարության հիմանական ուղղությունների վերաբերյալ: Առաջիկայում կկազմակերպվեն հանրային քննարկումներ: Խորհրդի նախագահի համոզմամբ՝ համակարգում այսօր կան սև խոռոչներ, որոնք պետք է հաղթահարվեն: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գնահատմամբ՝ անկախ և անաչառ դատարանները պետք է արդյունավետ արդարադատություն իրականացնեն և ապահովեն դատարանի մատչելիությունը: Արդարադատության արդյունավետության երաշխավորման գերակա ուղղությունների առնչությամբ Խորհուրդը նախաձեռնել է բաց քննարկումներ կազմակերպել արդարադատության նախարարության, միջազգային տարբեր կառույցների, դատավորների, իրավաբանների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների մասնակցությամբ: Առաջադրված խնդիրը՝ մինչև տարեվերջ այս ուղղությամբ բեկում ապահովելն է:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ևս համակարծիք էր այս հարցում: Իր շնորհավորական ուղերձում նա նույնպես կարևորեց այն հիմանական խնդիրները, որ այսօր անհրաժեշտ են արդյունավետ արդարադատական համակարգ ունենալու համար: Նրա խոսքով՝ դատական համակարգի կայացումը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն ու պարտավորությունն է: Նախարարից ու դատավորից, քննչական մարմիններից ու դատախազությունից, փաստաբանությունից ու դատավարության կողմերից մինչև մեր երկրի ամենահեռավոր վայրում բնակվող քաղաքացին այս գործընթացի կրողն ու շահառուն է: Եվ սա այն կարևոր բանաձևն է, որով պետք է առաջնորդվել դատաիրավական բարեփոխումների գործընթացում: Դատական համակարգի մարտահրավերների շառավիղն ընդգրկում է դատարանների ծանրաբեռնվածություն, դատական ակտերի և դատավորների որակ, դատավորների ու դատական ծառայողների սոցիալական երաշխիքներ, վստահելի և տեսանելի արդարադատություն: Իսկ վերաքննիչ դատարանների ձեռքբերումներից մեկը նախարարը համարեց 20-ամյա գործունեության ընթացքում դատական ակտերի որակական փոփոխությունները:
Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն իր ողջույնի խոսքում ևս շնորհավորեց Վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանների հիմնադրման 20-ամյակի առթիվ՝ կարևորելով վերջիններիս դերը վերաքննության ինստիտուտի կայացման գործում:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանն էլ անդրադարձավ ոչ միայն դատարանի ձեռքբերումներին ու առկա խնդիրներին, այլև կարևորեց հանրության համար Վերաքննիչ դատարաններում հայտարարված «Բաց դռների» օրը, որը ևս մեկ քայլ է դեպի հասարակություն: Ա. Մկրտչյանը դատարանի գործունեության էական ձեռքբերումներից համարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործող Բարձր դատարանների ցանցին միանալը, ապա անդրադարձավ դատավորների կողմից հատուկ կարծիք տալու փաստին՝ այն դիտարկելով որպես դատավորի անկախության ցուցանիշ: Եթե 2008, 2014, 2016 թվականներին եղել է ընդամենը 1-ական հատուկ կարծիք, 2017 թվականին՝ 7, ապա 2018 թվականին՝ 13, իսկ 2019 թվականի առաջին երկու ամսում՝ 3:
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին էլ իր խոսքում նկատեց, որ միջոցառումների շրջանակում ամենատպավորիչը աշակերտների, ուսանողների հետ շփումն էր, իսկ դատարանի ձեռքբերումներից մեկը համարեց այն փաստը, որ գործերի մեծ մասի քննությունն ավարտվել է վերաքննիչ բողոքով, ինչը նաև լրացուցիչ պատասխանատվություն է: Նա կարևորեց փորձագիտական ինստիտուտի ներդրումը ևս:
Կլոր սեղան-քննարկման բանախոսներից էր նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Բարձր դատարանների ցանցի ներկայացուցիչ Գույլեմ Կանո-Պալոմարեսը, ով ներկայացրեց Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների լավագույն փորձը:
Հոբելյանական միջոցառումների շարքն ամփոփվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ պաշտոնական ընդունելությամբ:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն