Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է 95.000 ԳՈՐԾ

23.10.2008

Հոկտեմբերի 13-ից 19-ը Տեխնիկական համագործակցության գերմանական ընկերության (GTZ) աջակցությամբ իրականացված «Խորհրդատվություն Հայաստանի իրավական համակարգի ամրապնդման համար» վերտառությամբ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի պատվիրակությունը Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ Ստրասբուրգ քաղաքում հանդիպում ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստայի հետ։ 


Հանդիպման սկզբում Եվրոպական դատարանի նախագահը նշեց, որ նախորդ տարի Հայաստան կատարած իր այցելության ընթացքում մի շարք օգտակար հանդիպումներ է ունեցել ոչ միայն դատական իշխանության ներկայացուցիչների, այլև երկրի քաղաքական ղեկավարության հետ։ Նրա խոսքերով, նմանատիպ այցերի միջոցով փորձ է արվում խրախուսել անդամ պետությունների իշխանություններին ընդունել այնպիսի օրենքներ, որոնք կնպաստեն մարդու դատական պաշտպանության իրավունքի մատչելիությանն ու արդյունավետությանը։ Այնուհետև Ժան Պոլ Կոստան ընդգծեց, որ Եվրոպական դատարանի դերը անդամ պետություններում Կոնվենցիայով ամրագրված սկզբունքների և իրավունքների ապահովումն է, ինչն իրականացնելու համար ոչ պակաս կարևոր են նաև ազգային դատարանների, մասնավորապես, բարձրագույն դատական ատյանների ջանքերը։ Խոսելով Եվրոպական դատարանում ներկայիս իրավիճակի մասին՝ Ժան Պոլ Կոստան նշեց, որ դատարանում կան թվով 95 հազար գործեր, իսկ դիմումների քանակն աճում է, այդ իսկ պատճառով փորձ է արվում իրականացնել բարեփոխումներ՝ նշված քանակի գործերով առավել արդյունավետ քննություն իրականացնելու համար։ Նրա խոսքերով, 95 հազար գործերի ավելի քան 55 տոկոսն ընկած է չորս պետությունների վրա, որոնք են Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան, Ռումինիան և Ուկրաինան։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ժան Պոլ Կոստան ասաց, որ մեր երկիրը չի ծանրաբեռնում Եվրոպական դատարանը, քանի որ ներկայումս դատարանում ընթացքի մեջ է մոտ 800 գործ, որոնց մեծ մասը՝ մոտ 570-ը, կազմում են Ադրբեջանի հանրապետության քաղաքացիների գործերը։

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Եվրոպական դատարանի նախագահին հանդիպման հնարավորություն ընձեռելու համար և նշեց, որ ինչպես Եվրոպական դատարանում, այնպես էլ մինչ այդ Գերմանիայի Գերագույն դատարանում կայացած հանդիպումներն ու քննարկումները մեծ աջակցություն են Հայաստանում ներկայումս իրականացվող դատաիրավական բարեփոխումների տրամաբանական ավարտի հայեցակարգի մշակման համար։
Խոսելով Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների կիրառման մասին՝ Արման Մկրտումյանն ասաց, որ մեր երկրում այդ որոշումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են, և մեջբերեց մի շարք օրինակներ՝ ընդգծելով դրանց կարևորությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության գործում։