Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Իրավասու վարչական մարմնի կողմից ընդհանուր օգտագործման ճանապարհները ճանապարհային նշաններով չկահավորելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու նյութաիրավական և դատավարական առանձնահատկությունները

17.04.2018

Թիվ ՎԴ/8765/05/13 վարչական գործով 2018 թվականի ապրիլի 07-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել ճանապարհային երթևեկության նշանների տեղակայման հարցում իրավասու վարչական մարմինների անգործության իրավաչափության գնահատման խնդրահարույց հարցերի վերաբերյալ:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ համապատասխան լիազորություններով օժտված վարչական մարմնի կողմից ընդհանուր օգտագործման ճանապարհները ճանապարհային նշաններով չկահավորելն ինքնին բավարար չէ այդ վարչական մարմնի կողմից դրսևորված անգործությունը ոչ իրավաչափ գնահատելու համար: Նշված անգործության ոչ իրավաչափությունը կարող է հաստատվել միայն որոշակի պայմանների առկայության դեպքում, որոնցից են, օրինակ՝ ճանապարհների որոշակի հատվածում ճանապարհային նշանների տեղակայման մասին համապատասխան լիազորություններով օժտված վարչական մարմնի և ոստիկանության կողմից համատեղ ընդունված որոշման առկայությունը, ճանապարհների որոշակի հատված կոնկրետ ճանապարհային նշաններով կահավորելու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ճանապարհային նշանների բացակայության դեպքում ճանապարհային երթևեկության հակասական կանոնների գործողության հնարավորությունը:

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դատարանը պարտավոր է գնահատել բացառապես այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտի կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողության կամ անգործության իրավաչափությունը և չի կարող քննարկման առարկա դարձնել վարչական ակտի, գործողության կամ անգործության ու դրանց հետևանքով առաջացած հնարավոր վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայության կամ բացակայության հարցը:

 

 

 

Վարչական գործ թիվ ՎԴ/8765/05/13