Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Հսկիչ գնման հանձնարարագրով նախատեսված ուսումնասիրություն կատարելու ժամկետները

17.04.2018

Թիվ ՎԴ/6295/05/14 վարչական գործով 2018 թվականի ապրիլի 07-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել այն հարցի կապակցությամբ, թե որ պահից է հաշվարկվում հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ուսումնասիրություն (հսկիչ գնում) իրականացնելու հանձնարարագրով այդ ուսումնասիրության համար սահմանված ժամկետը:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, գտել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի՝ «Հարկային մարմնի կողմից հսկիչ գնումների անցկացման կարգը» վերտառությամբ 2-րդ հավելվածի 1.4-րդ կետով սահմանված՝ հսկիչ գնում իրականացնելու մասին հանձնարարագրում ժամկետը նշելու իմպերատիվ պահանջը կարող է բովանդակային առումով կատարված համարվել, եթե hսկիչ գնում կատարելու հանձնարարագրում նշված են ժամկետի սկզբնակետը և տևողությունը:

Հիմք ընդունելով իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ հսկիչ գնումը պետք է սկսվի և ավարտվի հանձնարարագրում նշված ժամկետում, որը հաշվարկվում է հանձնարարագրում նախատեսված օրվանից, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանձնարարագիրն ուժի մեջ մտնելու, այն է՝ հանձնարարագիրը համապատասխան պաշտոնատար անձանց հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

 

 

Վարչական գործ թիվ ՎԴ/6295/05/14