Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Ճանապարհապարեկային ծառայության իրականացման ընթացքում հայտնաբերված երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստի հաստատման նպատակով ներկայացված ապացույցի թույլատրելիության չափանիշները

17.04.2018

Թիվ ՎԴ/5059/05/15 վարչական գործով 2018 թվականի ապրիլի 07-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել ճանապարհապարեկային ծառայության իրականացման ընթացքում հայտնաբերված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածով նախատեսված զանցանքի կատարման փաստի հաստատման համար դատարան ներկայացվող ապացույցների թույլատրելիության վերաբերյալ:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ ճանապարհապարեկային ծառայության իրականացման ընթացքում հայտնաբերված երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստն ամրագրող տեսագրությունը պետք է ստացված լինի այնպիսի տեխնիկական միջոցով, որը համապատասխանում է ճանապարհապարեկային ծառայություն իրականացնելիս ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման համար ոստիկանությանը հատկացված տեխնիկական միջոցների՝ ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի թիվ 1769-Ն որոշմամբ ներկայացվող պահանջներին: Ավելին, տվյալ տեսագրությունը պետք է ստացված լինի անմիջականորեն ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման համար ոստիկանությանը հատկացված տեխնիկական միջոցից և չպետք է հանդիսանա այդ միջոցից ստացված տեսագրության՝ ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի թիվ 1769-Ն որոշմամբ չնախատեսված տեխնիկական միջոցներով կատարված վերարտադրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ նշված պահանջներին չհամապատասխանող տեսագրությունը չի կարող համարվել թույլատրելի ապացույց՝ ճանապարհապարեկային ծառայության իրականացման ընթացքում հայտնաբերված երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստը հաստատելու համար:

 

 

 

Վարչական գործ թիվ ՎԴ/5059/05/15