Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի կիրառության շրջանակը

17.04.2018

Թիվ ՎԴ2/0016/05/16 վարչական գործով 2018 թվականի ապրիլի 07-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել անբողոքարկելի վարչական ակտերով առաջադրված հարկային պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու նպատակով առանձին որոշում ընդունելու` իրավասու վարչական մարմնի լիազորության սահմանների և կիրառման հիմքերի վերաբերյալ:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 14.04.1997 թվականին ընդունված, 30.05.1997 թվականին ուժի մեջ մտած և 01.01.2018 թվականին ուժը կորցրած «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված՝ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ որոշում (հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ վարչական ակտ) կայացնելու կառուցակարգը կիրառելի է միայն այն դեպքերում, երբ հարկ վճարողի տվյալ հարկային պարտավորությունները դեռևս հաստատված չեն որևէ վարչական ակտով, օրինակ՝ ստուգման ակտով, և առաջացել են, օրինակ, հարկային մարմին ներկայացրած հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) հիման վրա կամ անմիջականորեն օրենքի ուժով (գույքահարկ, հողի հարկ):

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե հարկային պարտավորությունների գծով հանրային իրավական դրամական պահանջն արդեն իսկ հաստատված է վարչական ակտով, ապա իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի հիմքով հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ նոր որոշում (հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ վարչական ակտ) կայացնելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

Վարչական գործ թիվ ՎԴ2/0016/05/16