Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Արդյո՞ք արդարացվածը կարող է պահանջել մինչև «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.12.2015 թվականին ընդունված և 01.01.2016 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-184-Ն ՀՀ օրենքի ընդունումն անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե նշված իրավունքի խախտման փաստը տվյալ ժամանակահատվածում հաստատված է ոչ թե դատական կարգով, այլ քրեական հետապնդման մարմնի որոշմամբ

17.04.2018

Թիվ ԵԿԴ/4689/02/15 քաղաքացիական գործով 2018 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է հայտնել արդարացվածի ոչ նյութական վնասի հատուցման իրավունքի իրացման առանձնահատկությունների վերաբերյալ:

Զարգացնելով Մամիկոն Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով 2017 թվականի դեկտեմբերի 27-ին կայացված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, ղեկավարվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումներով ու հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախ և առաջ փաստել է, որ արդարացվածն ընդհանուր հիմունքներով իրավունք ունի պահանջել ոչ նյութական վնասի հատուցում: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ արդարացվածի` ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման փաստը դատական կարգով հաստատված չլինելն արգելք չէ հատուցում ստանալու համար՝ նկատի ունենալով, որ անձի` արդարացվածի կարգավիճակը մինչև 01.01.2016 թվականը կարող էր հաստատվել ոչ միայն դատավճռով կամ դատական կարգով, այլև քրեական հետապնդման մարմնի որոշմամբ, որն իր իրավական հետևանքներով նշված ժամանակահատվածում հավասարեցված է եղել արդարացման դատավճռին:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ եթե իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրությամբ առկա է եղել հնարավորություն` անձին արդարացված համարել նաև քրեական հետապնդման մարմնի որոշմամբ, անհիմն կլինի մերժել վերջինիս ոչ նյութական վնասի հատուցման պահանջն այն հիմքով, որ իրավունքի խախտման փաստը դատական կարգով հաստատված չէ:

 Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4689/02/15