Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իրավունքի իրացման կառուցակարգը

17.04.2018

Թիվ ԵԿԴ/0441/02/16 քաղաքացիական գործով 2018 թվականի ապրիլի 07-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել այն հարցի կապակցությամբ, թե ի՞նչ ընթացակարգով անձը կարող իրացնել ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իր իրավունքը:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իրավունքը կենսագործվում է հետևյալ ընթացակարգով.

1)         նախևառաջ ոչ նյութական վնաս պատճառած պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ վարչական ակտը պետք է շահագրգիռ անձի դիմումով (վարչական կամ դատական կարգով) ճանաչվի ոչ իրավաչափ,

2)         այնուհետև շահագրգիռ անձը պետք է դիմի ոչ իրավաչափ գործողություն կատարած կամ ոչ իրավաչափ անգործություն դրսևորած կամ ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունած վարչական մարմնին՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջով,

3)         ոչ նյութական վնասի հատուցման դիմումի լրիվ կամ մասնակիորեն մերժման դեպքերում շահագրգիռ անձը կարող է վարչական կարգով բողոքարկել այդ դիմումը մերժելու մասին վարչական ակտը կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի միջոցով դիմել վարչական դատարան՝ ոչ իրավաչափ գործողություն կատարած կամ ոչ իրավաչափ անգործություն դրսևորած կամ ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունած վարչական մարմնին ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջով,

4)         ոչ նյութական վնասի հատուցման դիմումը չքննարկվելու դեպքում գործում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի ինստիտուտը (դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների առկայության պարագայում), որի շրջանակներում շահագրգիռ անձը կարող է հասնել ոչ նյութական վնասի հատուցման իր իրավունքի գործնական իրացմանը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցատեսակով վարչական դատարան դիմելու միջոցով:

 

 

 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0441/02/16