Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Սնանկության գործով կառավարչի և ժամանակավոր կառավարչի վարձատրությունների, ինչպես նաև սնանկության գործով ծախսերի հատուցման առանձնահատկությունները

17.04.2018

Թիվ ԵԿԴ/0075/04/15, թիվ ԵՇԴ/0078/04/17 և թիվ ԱՐԱԴ/0010/04/15 գործերով 2018 թվականի ապրիլի 7-ի որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն անդրադարձել է սնանկության գործով կառավարչի և ժամանակավոր կառավարչի վարձատրությունների և սնանկության գործով ծախսերի հատուցման վերաբերյալ մի շարք էական հիմնախնդիրներին:

Մասնավորապես՝ թիվ ԵԿԴ/0075/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է այն իրավական հարցադրմանը, թե արդյոք սնանկության գործով միջանկյալ բաշխման ծրագրով կառավարչի վարձատրությունը հաշվարկելիս պետք  է հիմք ընդունել պարտապանի դրամական միջոցների, պարտապանի և երրորդ անձանց գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքագրումից ստացված միջոցների ամբողջ գումարը, թե միայն պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղված չափը: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ինչպես սնանկության կառավարիչը` իրեն տրվելիք վարձատրության գումարի մասով, այնպես էլ վարչական ծախսերի հասցեատերերը` դրանց դիմաց տրվելիք հատուցման մասով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով պարտատերեր (պահանջատերեր) չեն, հետևաբար՝ սնանկության կառավարչին հասանելիք վարձատրության գումարը և վարչական ծախսերի հասցեատերերին վճարվելիք հատուցումները չեն կարող դիտվել պահանջի բավարարում ու այդ գումարների դիմաց կառավարչին տրվել վարձատրություն: ՀՀ վճռաբեկ դատարանը նշված որոշմամբ սահմանել է կառավարչի վարձատրությունը որոշելու բանաձև և այն հաշվելու կարգ:

Թիվ ԵՇԴ/0078/04/17 գործով ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է այն իրավական հարցադրումներին, թե արդյոք սնանկության ժամանակավոր կառավարիչն ունի պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռը բողոքարկելու իրավունք, և թե արդյոք առաջանում է սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության հարց այն դեպքերում, երբ սնանկության հիմքերի վերանալու պայմաններում կայացվել է սնանկության դիմումը մերժելու մասին վճիռ: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ թեև ընդհանուր կանոնի համաձայն՝ սնանկության ժամանակավոր կառավարիչը չի կարող բողոքարկել պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռը, սակայն այդ սահմանափակումը չի վերաբերում այն դեպքին, երբ վճիռն ուղղակիորեն վերաբերում է սնանկության ժամանակավոր կառավարչի իրավունքներին, մասնավորապես՝ վերջինիս վարձատրություն ստանալու իրավունքին: Անդրադառնալով սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ դատարանի կողմից որպես սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակվելիս վերջինիս համար արդեն իսկ ծագում է վարձատրության իրավունքը: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ սնանկության հիմքերը վերանալու պայմաններում սնանկության դիմումը մերժելու մասին վճիռ կայացվելու պայմաններում ժամանակավոր կառավարչի վարձատրության չափը պետք է որոշվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորմանը համապատասխան:

Թիվ ԱՐԱԴ/0010/04/15 գործով ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է այն իրավական հարցադրմանը, թե արդյոք սնանկության գործով կառավարիչը պարտապանի գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի վճարում, կառավարչի վարձատրություն և ապահովված պարտատիրոջ պահանջների ամբողջությամբ բավարարում չկատարելու պայմաններում իրավասու է այդ միջոցներն ուղղելու այլ վճարների կատարմանը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, կառավարչի վարձատրությունը, ինչպես նաև բավարարվում են ապահովված պարտատիրոջ պահանջները: Այսինքն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումն այլ ուղղություններով (տվյալ գործով՝ կառավարչի օգնականի վարձատրության նպատակով) բացառվում է, քանի դեռ չեն վճարվել գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը և կառավարչի վարձատրությունը, ամբողջությամբ չեն բավարարվել ապահովված պարտատիրոջ պահանջները:

 

Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0075/04/15

Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0078/04/17

Սնանկության գործ թիվ ԱՐԱԴ/0010/04/15