Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Մարբուրգի համալսարանի պատվիրակությունն այցելեց Վճռաբեկ դատարան

23.10.2013

Հոկտեմբերի 23-ին Վճռաբեկ դատարան է այցելել Գերմանիայի Մարբուրգի համալսարանի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին պրոֆեսորներ, ասպիրանտներ, ուսանողներ: Պատվիրակությունը, որը Հայաստանի Հանրապետություն էր այցելել ճանաչողական այցով, ղեկավարում էր Մարբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր, հանրային, միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ, hանրային իրավունքի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, դոկտոր, բազմակի պատվավոր դոկտոր Գիլբերտ Գորնիգը: Հյուրերը պատմեցին 1527թ-ին հիմնադրված Գերմանիայի հնագույն համալսարաններից մեկի` Մարբուրգի համալսարանի գործունեության ուղղությունների մասին։
Ողջունելով հյուրերին` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը ներկայացրեց Հայաստանի դատական համակարգի կառուցվածքը, գործառույթներն ու լիազորությունները: Խոսելով Վարչական դատարանի ստեղծման մասին` Ե.Խունդկարյանը մասնավորապես նշեց այդ գործում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» հայաստանյան ծրագրի մեծ ավանդի մասին:
Ուսանող հյուրերի խնդրանքով Երվանդ Խունդկարյանը պատասխանեց Հայաստանում իրավաբանական կրթություն ստանալու հետ կապված բազմաթիվ հարցերի: Միաժամանակ ներկայացրեց դատավոր նշանակվելու համար անհրաժեշտ փուլերը, որոնք պետք է անցնեն հավակնորդները:
Պատվիրակության ղեկավար Գ.Գորնիգի խնդրանքով Ե.Խունդկարյանը ներկայացրեց նաև Արցախի Հանրապետության դատական իշխանության կառուցվածքը` նշելով, որ Արցախի դատական համակարգի հետ կա սերտ համագործակցություն: