Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԿԱՊՎԱԾ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

14.11.2008

Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները՝ տեղեկացնում ենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Արարատ Կարապետի Պալյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը»)։


Համաձայն նախաքննության մարմնի կողմից դատարան ներկայացված մեղադրական եզրակացության՝ Արարատ Կարապետի Պալյանը մեղադրվում է այն բանում, որ նա, հանդիսանալով Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու թեկնածու, ընտրական հանձնաժողովի աշխատանքների և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, համայնքի ավագանու ընտրությունների օրը՝ 2008 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 12։20–ի սահմաններում, մուտք է գործել նույն համայնքի 26/10 ընտրատեղամաս, որտեղ Հակոբ Գալստյանի կողմից հանձնաժողովի նախագահի տեղակալի պարտականությունները կատարելու, այն է՝ լրագրողից ինքնությունը հաստատող փաստաթուղթ պահանջելու, իրեն, որպես ավագանու թեկնածուի, ընտրատեղամասում գտնվելու անթույլատրելիության և տեղամասից դուրս հրավիրելու շուրջ վիճաբանել ու բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածել է Հակոբ Գալստյանի դեմքին և նրա առողջությանը պատճառել թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, որով իսկ շուրջ 15 րոպե տևողությամբ խոչընդոտել ու կազմալուծել է տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներն ու քվեարկության նպատակով ընտրատեղամասում գտնվող քաղաքացիների ընտրելու իրավունքի ազատ իրականացմանը։