Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ԿԱԼԱՆՔԸ ՓՈԽԱՐԻՆՎԵՑ ԳՐԱՎՈՎ

06.11.2008

Այսօր Երևանի քրեական դատարանը, քննության առնելով ամբաստանյալներ՝ Գևորգ Սաֆարյանի, Անուշ Ղավալյանի միջնորդությունը՝ ընտրված խափանման միջոց կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասին, որոշեց, որ միջնորդությունը հիմնավորված է և ենթակա է բավարարման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ.Սաֆարյանի կողմից հատուցվել է պետությանը պատճառված վնասի զգալի մասը, բացի այդ, ամբաստանյալները վատառողջ են և բուժման կարիք ունեն համապատասխան մասնագիտական հաստատությունում։

Միաժամանակ, դատարանը հիմք է ընդունել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջն այն մասին, որ «...յուրաքանչյուր ոք...ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք։ Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:

Նշենք, որ դատարանը որոշել է որպես գրավի չափ սահմանել Գևորգ Լևոնի Սաֆարյանի համար 3.500.000 ՀՀ դրամ, իսկ Անուշ Սանասարի Ղավալյանի համար՝ 500.000 ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ «Պիցցա Դի Ռոմա» ՍՊԸ տնօրեն Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը»), իսկ նույն ՍՊԸ գանձապահ Անուշ Ղավալյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ (հանցակցություն)։