Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

03.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ 


Հ Ր Ա Մ Ա Ն N-1Լ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 137-րդ հոդվածի երրորդ մասով և 138-րդ հոդվածի երկրորդ մասով.

1. Հրապարակել Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի մասնագիտացված և վերաքննիչ դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակների կազմման մասին հայտարարությունը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարին՝
կազմակերպել հայտարարության հրապարակման աշխատանքները Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով։


ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                  Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
   2008թ. նոյեմբերի 3
          ք.Երևան




ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 1Լ ՀՐԱՄԱՆԻ 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 

Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի մասնագիտացված և վերաքննիչ դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկման կարգի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդը (այսուհետ` Արդարադատության խորհուրդ) կազմում և Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակը։
Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակը բաղկացած է`
- առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակից.
- վերաքննիչ դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակից։
Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում կարող են ընդգրկվել այն անձինք, ովքեր աշխատում են դատավորի պաշտոնում (այդ թվում` կրճատված և ռեզերվային դատավորները, անգամ եթե նշանակվել են ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով նախատեսված այլ անձինք։
Առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակը բաղկացած է հետևյալ երկու բաժնից.
ա/ քրեական մասնագիտացում.
բ/ քաղաքացիական մասնագիտացում։

1. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող են ընդգրկվել`
ա/ առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի պաշտոնում առնվազն 3 տարի աշխատած անձը, ով չունի կարգապահական տույժ՝ նկատողության կամ խիստ նկատողության ձևով.
բ/ վերջին 8 տարվա ընթացքում առնվազն 5 տարի դատախազ, փաստաբան կամ քննիչ աշխատած անձը.
գ/ վերջին 8 տարվա ընթացքում առնվազն 5 տարի դատավոր աշխատած նախկին դատավորը։

2. Վերաքննիչ դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող են ընդգրկվել՝
ա/ վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում առնվազն 5 տարի աշխատած անձը, ով չունի կարգապահական տույժ՝ նկատողության կամ խիստ նկատողության ձևով.
բ/ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարի դատախազ, փաստաբան կամ քննիչ աշխատած անձը.
գ/ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարի դատավոր աշխատած նախկին դատավորը։
Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հայտարարության 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անձինք ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար կարող են Արդարադատության խորհրդին ներկայացնել դիմում` դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու ցանկությամբ։ Անձը կարող է դիմել միայն մեկ մասնագիտացմամբ բաժնում ընդգրկվելու համար։
Դիմումները ներկայացնել Արդարադատության խորհրդի աշխատակազմ /հասցեն` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական շենք/։

3. Իրավագիտության բնագավառում գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող և վերջին հինգ տարիների ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատություններում մշտապես իրավունք դասավանդող կամ գիտական հաստատությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (ստորև՝ գիտնականներ), կարող են ընդգրկվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում` Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով։
Գիտնականները տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչև նոյեմբերի 20-ը, կարող են դիմում ներկայացնել Արդարադատության խորհրդին` կցելով հետևյալ փաստաթղթերը.
- անձը հաստատող փաստաթուղթ.
- գիտնականի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական և դասախոսական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ.
- գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.
- աշխատանքային գրքույկի բնօրինակը կամ հավակնորդի աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթեր.
- դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1184-Ն որոշում)։